Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում Գեղարքունիքի մարզի ավարտական դասարանների աշակերտների հետ
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում շարունակվում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և համալսարանի աշխատակիցների հանդիպումները Գեղարքունիքի մարզի ուսումնական հաստատությունների ավարտական դասարանների աշակերտների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, ապրիլի 6-ին և 7-ին տեղի ունեցան հանդիպումներ Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու և Գավառի 12-րդ դասարանի աշակերտների, նշված համայնքների դպրոցների տնօրենների և զինղեկների հետ։
Հանդիպումների նպատակն էր՝ դպրոցականների շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին և մասնագիտական կողմնորոշման հարցում ռազմական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումը:
Գնդապետ Երոյանը հանդիպումների մասնակիցներին ներկայացրեց ռազմական համալսարանում ընդունելության նոր կարգը, ուսումնական ծրագրի բարեփոխումները, նաև այն առավելությունները, որոնք նախատեսված են համալսարանի կուրսանտների և նրանց ընտանիքի անդամների համար:
Շեշտվեց նաև, որ համալսարանը համագործակցում է աշխարհի առաջատար ռազմաուսումնական հաստատությունների հետ:
Հանդիպումների ավարտին համալսարանի պետը պատասխանեց ներկաների հարցերին։
Խոսրով Խլղաթյան