Հայրենի լուսանկարչության վարպետը

6 րոպեի ընթերցում

Հին սերնդի մարդկանց քաջածանոթ է այս անունը՝ Նեմրութ. լուսանկարիչ, ով իրավացիորեն համարվում է Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիրը: 1920-ական թվականներին լրագրերում տպագրվում էին ձեռքով արված նկարներ, որոնք, սակայն, չէին կարող լինել այնքան տպավորիչ ու ազդեցիկ, որքան լուսանկարային պատկերները:

Վանում ծնված Նեմրութի անունն ի սկզբանե եղել է Սամվել: Նրա նկարիչ հայրը՝ Հովհաննես Բաղդասարյանը, իր տղաներին անվանել է հարազատ Վասպուրական աշխարհի սրտամոտ տեղանուններով. Սամվելին՝ Նեմրութ, Մելիքին՝ Սիփան, Վահանին՝ Ծիլվան: 1915 թ. գաղթից հետո Նեմրութի անունը դառնում է քաղաքացիական անուն, ինչպես եւ եղբայրներինը: Ծննդավայրի Այգեստան թաղամասի ծխականում սովորած ութամյա երեխան անձամբ է տեսել ու ապրել Հայոց ցեղասպանության ողբերգությունը եւ մահվան տեսարանները հայացքում՝ ընտանիքի հետ տեղափոխվել մայր հայրենիք:

Նեմրութ Բաղդասարյանը առաջին անգամ լուսանկարչությանն առնչվել է 1920-ին, երբ փողոցում պատահաբար տեսել է մեկին լուսանկարելիս: Դա նորություն էր այդ ժամանակների համար: Այդ պահից երիտասարդ Նեմրութի մեջ արթնանում է սերը լուսանկարչության հանդեպ, եւ նա շուտով սկսում է լրջորեն զբաղվել դրանով: Առաջին լուսանկարներն անում է ներկայիս Շահումյանի արձանի տեղում գտնվող ռուսական եկեղեցու մոտ:

Այդ տարիներին նորաստեղծ խորհրդային հանրապետությունում պրոֆեսիոնալ լուսանկարիչների մեծ պակաս կար, իսկ տեղական թերթերն ու պարբերականները՝ սոցիալիստական կյանքը պրոպագանդելու, լուսաբանելու համար խիստ կարիք ունեին լուսանկարչական պատկերների: 1925-ին Նեմրութն ընդունվում է Հայաստանի Արհմիությունների տուն՝ որպես լուսանկարիչ, եւ երկու տարի անց սկսում տպագրել իր լուսանկարները մամուլում: 1929-ից դառնում է հաստիքային լուսանկարիչ «Պիոներ կանչ» թերթում մինչեւ 1940-ը: Այնուհետեւ՝ հանրապետության գլխավոր թերթեր՝ «Կոմունիստ» եւ «Սովետական Հայաստան», լուսանկարային ռեպորտաժներ տարբեր ամսագրերում եւ պարբերականներում: 1959-ից մինչեւ կյանքի մայրամուտ լուսանկարչական գործի պրոֆեսիոնալն աշխատում է Հայաստանի հեռագրական գործակալության ֆոտոխրոնիկայում, որտեղ պաշտոնական բոլոր միջոցառումների, պետության ղեկավարների հանդիպումների լուսանկարումը վստահվում էր ֆոտոլրագրության հիմնադրին, ով շուրջ երեք տասնամյակ թղթակցել է նաեւ միութենական «ՏԱՍՍ» գործակալությանը: Մասնակցել է հանրապետական, միութենական եւ միջազգային մրցույթների: Նրա «Հողը» ֆոտոմոնտաժը եւ «Արարում» ֆոտոշարքը տարբեր մրցույթներում արժանացել են պարգեւների:

Նեմրութի բազմաթիվ լուսանկարներ մեր ժողովիդի կյանքի, ստեղծագործ առօրյայի յուրօրինակ վկայագրեր են, որ փոխանցվել եւ փոխանցվելու են սերնդից սերունդ: Ահա հայոց հեթանոսական շրջանից մնացած միակ փառահեղ կոթողի՝ Գառնու տաճարի վերակառուցման-վերականգնման աշխատանքների լուսանկարը, «Զվարթնոց» գեղաշուք օդանավակայանի շինարարության տեսարանները: Եվ էլի կառույցների, քանդակների ստեղծման, գործընթացային պահեր, որ վարպետորեն «որսացել» է լուսանկաչական ոսպնյակը: Որսացել ու անմահացրել է ոչ միայն այդ արարումները, այլեւ արարող, ստեղծագործող մարդկանց, պատմական իրադարձությունները: Հայաստան այցի ժամանակ լուսանկարել է Ինդիրա Գանդիին, Վեհափառ Վազգեն Առաջինի եւ ԽՍՀՄ մշակույթի նախարարի հանդիպումը, կարեւորագույն միջոցառումներն ու դրանց մասնակիցներին՝ ներկայացումներ, մշակութային կարեւոր ձեռնարկումներ: Նկարել է աշխարհաճանաչ մեր մեծերից շատերին՝ Մարտիրոս Սարյան, Վիկտոր Համբարձումյան, Արա Սարգսյան, Արա Հարությունյան, այլ մեծանուն դեմքեր: Հաճախակի է այցելել անվանի մտավորականներին, ճարտարապետներին, քանդակագործներին, լուսանկարել նրանց ստեղծագործելիս, նրանց արարումների միջավայրը, հետաքրքրվել նրանց անելիքներով: Վարպետ լուսանկարիչը ճանաչված դեմք է եղել մայրաքաղաքում եւ դարձել վարդագույն Երեւանի ծաղկման ու շենացման ընթացքի յուրօրինակ տարեգիրներից մեկը: Հայրական ոտնահետքերով են գնացել նաեւ նրա երկու զավակները՝ Հերբերտը եւ Մելիքը: Նաեւ թոռներից են ընտրել նրա անցած հետաքրքիր ու արգասավոր ուղին…

Բարձր է գնահատվել Նեմրութ Բաղդասարյանի տասնամյակներ շարունակ չընդմիջվող աշխատանքը՝ արժանացել է այն ժամանակներում շատերի համար բաղձալի «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանի, եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, նվաճել ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումը: Լուսանկարչության արվեստն ու գաղտնիքներն է փոխանցել երիտասարդ գործընկերներին՝ դասավանդելով մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նեմրութի լուսանկարներից շատերն այսօր իսկ արդեն պատմական վավերագրեր են, ասել էթե՝ մեծարժեք մասունքներ՝ հայ լուսանկարչության վարպետից…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը

ՀՀ ՊԵԿ-ի պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ