Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինային է հատկացնում լրացուցիչ ռազմական օգնություն՝ 500 միլիոն դոլարի չափով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը Ուկրաինային է հատկացնում լրացուցիչ ռազմական օգնություն՝ 500 միլիոն դոլարի չափով

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը Կիևին է հատկացնում ամերիկյան զենքի և զինամթերքի հերթական խմբաքանակը՝ 500 մլն դոլարի չափով:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարությունը:

«Ռազմական օգնության այս փաթեթը ներառում է ավելի շատ զինամթերք ԱՄՆ-ի կողմից տրամադրված HIMARS-ի, հակաօդային պաշտպանության կլանիչների համար և հրետանային արկեր, որոնք Ուկրաինան օգտագործում է պաշտպանվելու համար, ինչպես նաև հակազրոհային համակարգեր, փոքր զենքեր, ծանր տեխնիկայի տեղափոխման տրանսպորտային միջոցներ և տեխնիկական աջակցության միջոցներ, որոնք անհրաժեշտ են մարտի դաշտում Ուկրաինայի պաշտպանությունն ամրացնելու համար», - հայտնել է Բլինքենը:

Հաղորդագրությունում նշվում է, որ ի լրումն սրա՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կիևին կհատկացնի զգալի փաթեթ, որը ներառում է ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև հրետանային և տանկային զինամթերք, ականանետային համակարգեր, հրթիռներ և հակատանկային միջոցներ՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում։

Բլինքենը նաև շեշտել է, որ Ռուսաստանը «կարող է հենց այսօր վերջ դնել այս պատերազմին»,

«Իսկ մինչ այդ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ու գործընկերները միասին կանգնած կլինեն Ուկրաինայի կողքին այնքան, որքան պահանջվի», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում