Հասարակական

Պավել Չոբանյանն իր գրչով պայքարում էր Հայաստանի պատմության նենգափոխումների դեմ

14 րոպեի ընթերցում

Պավել Չոբանյանն իր գրչով պայքարում էր Հայաստանի պատմության նենգափոխումների դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մարտի 15-ին մեկնարկեց ճանաչված հայագետ-կովկասագետ Պավել Չոբանյանի (1948-2017) ծննդյան 75-ամյակին նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության եւ պատմության ինստիտուտների, ինչպես նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կողմից։

Վաստակաշատ գիտնականը հեղինակել է 150-ից ավելի գիտական հրապարակումներ: Նրա գիտական հետազոտությունները նվիրված են հայոց պատմության, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունների, վրացական ուղեգրությունների ուսումնասիրությանը: Ինչպես նշեց արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում, Պավել Չոբանյանը համալիր հարցերի լավագույն մասնագետներից էր եւ, համագործակցելով վրացի, ռուս եւ այլ երկրների համապատասխան մասնագետների հետ, կարողանում էր քննարկումների միջոցով աշխարհով մեկ տարածել մեր հայագիտական, կովկասագիտական մոտեցումները։

Չոբանյանն իր գիտական գործունեությամբ պայքարում էր նաեւ Հայաստանի պատմությունը նենգափոխող թուրք-ադրբեջանական կեղծարարների դեմ՝ ի ցույց դնելով նրանց ընտրած ռազմավարությունն ու տալով հակազդեցության ուղենիշներ: Ռ. Ղազարյանի խոսքով՝ մենք ոչ թե պետք է Ադրբեջանի կեղծարարություններին արձագանքողի դերում հանդես գանք, այլ ինքներս նախահարձակ լինենք այդ հարցերում, քանի որ ամբողջ գիտական նյութը եւ ճշմարտությունը մեր կողմն են: Այլ խնդիր է, թե որքանով ենք կարողանում օգտագործել այդ ամենը հավուր պատշաճի։ «Միեւնույն ժամանակ պետք է շեշտենք, որ տարիներ շարունակ, 1991-ից սկսած, ակադեմիական ինստիտուտները, բուհերի համապատասխան մասնագետները հրատարակել եւ հրատարակում են ոչ միայն հայերեն, այլեւ օտար լեզուներով աշխատություններ՝ նվիրված հենց այդ հարցերին։ Այսօր կարծրատիպ կա, որ մեկ քայլ հետ ենք, բայց փաստն այն է, որ գիտական հանրույթն աշխատում է, այլ բան է, որ հասարակությունը դրա մասին բավարար տեղեկատվություն չունի»,- մանրամասնեց զրուցակիցս՝ նշելով, որ խնդիրը համեմատականի մեջ է, այսինքն՝ անհամեմատելի են այն հնարավորությունները, որոնք պետական մակարդակով դրվում են Ադրբեջանի կողմից։ Ի դեպ, պետք է շեշտենք, որ այդ քաղաքականությունը նոր չի սկսվել, այն խորհրդային տարիներից ի վեր իրականացվում է, ուղղակի այսօր Ադրբեջանն ավելի մեծ հնարավորություններ ունի աշխարհով մեկ իր կեղծիքն ու սուտը տարածելու համար։

Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը խնդիր է համարում այն, որ մեր հասարակության զգալի մասը հստակ եւ կոռեկտ պատկերացում չունի մեր թշնամի պետության մասին, շատերը ճշգրիտ պատկերացում չունեն «Ադրբեջան» կոչվող պետության եւ «ադրբեջանցու» մասին, թե ովքեր են, երբ եւ ինչպես են պետություն ստեղծել, ինչպիսին է այդ պետությունն այսօր։ Նրա կարծիքով՝ հարկավոր է պետական, բուհական, ինչու չէ, նաեւ դպրոցական մակարդակով կրթել, տեղեկացնել հանրությանը։ Խոսքը, բնականաբար, ատելության սերմանման մասին չէ, ինչն արվում է Ադրբեջանում, այլ ուղղակի պատմության ճշմարտացի ընթացքը ներկայացնելու։ «Ադրբեջանի թիրախում առաջին հերթին հայերն են, որովհետեւ իրենց պետության հիմնաքարերից մեկը հենց հակահայկականությունն է. 1918 թվականից սկսած եւ մինչ օրս շատ բան չի փոխվել, բայց մյուս կողմից՝ նրանց «գողությունը» տարածվում է տարածաշրջանի մյուս երկրների վրա։ Նրանք յուրացնում են նաեւ իրանական, վրացական, կովկասյան ժողովուրդների, տեղաբնիկների պատմամշակութային ժառանգությունը»,- ասաց նա։ Վրաստանի գիտնականների կողմից եւս կա հայ-վրացական կապերի ամրապնդման եւ զարգացման անհրաժեշտության գիտակցումը։ Կան բազմաթիվ ծրագրեր եւ առաջարկներ, որոնք նախատեսում են առաջիկայում կյանքի կոչել։

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում կարեւորեց անվանի գիտնականի գիտական գործունեությունը՝ նշելով, որ նա ոչ միայն հայագիտությանը, այլեւ վրացագիտությանը նվիրված գիտնական էր եւ հավուր պատշաճի գնահատում էր վրաց ժողովրդի ստեղծած մշակութային ժառանգությունը։ Հետխորհրդային շրջանում հայ-վրացական գիտական կապերը սառել էին, ինչն ընդհանուր երեւույթ էր հետխորհրդային բոլոր երկրներում, սակայն, բարեբախտաբար, վերջին շրջանում հայ եւ վրացի գիտնականների հարաբերությունները նորից ջերմացել են, եւ պարբերաբար գիտաժողովներ են անցկացվում Հայաստանում եւ Վրաստանում։ «Շատ կարեւոր է Ադրբեջանի ընդհանուր կեղծարարության դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու խնդիրը։ Կեղծ աղվանական տեսությունը, որի համաձայն՝ իբր թե Աղվանք երկիրն ու աղվան ժողովուրդն ադրբեջանական ժողովրդի նախնիներն են, ժամանակին մնաց անպատասխան, բայց երբ այսօր Ադրբեջանը կարծես թե էյֆորիայի մեջ է, մանավանդ 2020 թ. պատերազմից հետո, նորից սկսեց «գիտական» առումով գրոհել ոչ միայն Հայաստանի, այլեւ հարեւան մյուս ժողովուրդների վրա։ Ժամանակին այս տարածաշրջանում եղած ամբողջ թուրքմենական մշակույթը՝ ակ-կոյունլու, կարա-կոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետությունը ներկայացվեց որպես ադրբեջանական, այնուհետեւ Սեֆյան Պարսկաստանի ամբողջ պատմամշակութային ժառանգությունը սեփականացվեց, էլ չենք խոսում բնիկ ժողովուրդների՝ լեզգիների եւ մյուսների պատմամշակութային ժառանգության յուրացման մասին։ Վերջին շրջանում նրանք գրոհեցին Վրաստանի վրա՝ նույն աղվանական տեսությունը տեղափոխելով նաեւ Վրաստանի տարածք։ Հավակնություններով հանդես եկավ այդ երկրի պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովը, որը հայտարարեց, թե վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրը աղվանական է։ Ավելին՝ Գարդաբանի, Մառնեուլի, Դմանիսի, Բոլնիսի շրջանները եւս Ադրբեջանի «պատմական» տարածքներն են, հարցը անգամ հասավ Թիֆլիսին»,- մանրամասնեց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ նման պարագայում շատ կարեւոր է հայ-վրացական գիտաժողովների անցկացումը։ «Մենք այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներն ենք, հարուստ պատմություն եւ մշակույթ ստեղծած եւ ամեն կարգի ոտնձգության դեմ ընդհանուր ճակատ պետք է ստեղծենք։ Պավել Չոբանյանի` որպես մեր լավագույն հայագետ-վրացագետներից մեկի հիշատակին նվիրված գիտաժողովը հենց այդպիսի բովանդակություն ունի»,- հավելեց զրուցակիցս։

Հայաստանին եւ հայ ժողովրդի անվտանգությանն ուղղված մարտահրավեր է «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ թեզի եւ «վերադարձի» կազմակերպման ծրագիրը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է անել գիտական համայնքը, Մելքոնյանը նկատեց, որ համաշխարհային գիտական համայնքն ամբողջովին տեղյակ է այդ ամենին, բազմիցս նշել է, որ տարբեր միջազգային գիտաժողովներում՝ Չինաստանից մինչեւ Ֆրանսիա եւ այլ երկրներ, ականատես են եղել տեղի գիտնականների արհամարհական վերաբերմունքին ադրբեջանական կեղծարարության հանդեպ։ Միջազգային գիտական համայնքը գիտակցում է, որ դրա հիմքում միայն քաղաքականությունն է կեղծիքի մակարդակով, եւ մատնանշում են, որ գիտության մասին խոսք լինել չի կարող։ Սակայն ցավալին այն է, որ հանրային մակարդակով այդ երկրներում Ադրբեջանը կարողանում է հաջողություններ արձանագրել, որովհետև, ի տարբերություն գիտնականների, հասարակության համար շատ տեղեկություններ անհասկանալի են, առավել եւս, որ Ադրբեջանը ֆինանսական մեծ միջոցներ է ծախսում կեղծիքն ու սուտը տարածելու նպատակով։ «Վերջերս պարզվեց, որ Մադրիդում Արցախին նվիրված չորս լեզվով ժողովածու են տպագրել, որում խոսում են այն մասին, թե ադրբեջանական պատմամշակութային ժառանգության սիրտը Շուշին է, որին անվանում են «Շուշա» ձեւով, եւ գրքի շնորհանդես են կազմակերպել։ Մենք նույնպես մեր խոսքն ասում ենք. Մատենադարանը վերջերս փառահեղ հրատարակություն ունեցավ «Հայկական ձեռագրային ժառանգությունը Արցախում եւ Սյունիքում» վերնագրով հայերեն, անգլերեն, ռուսերեն մեկ ընդհանուր գրքի մեջ։ Մեր հնարավորություններով այդ բոլորն արվում է, բայց պետական աջակցությունն այստեղ առաջին պլանում պետք է լինի, որպեսզի դեսպանատների մակարդակով այդ գրականությունը տարածվի»,- նշեց նա։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Ստեփանյանն իր զեկույցում անդրադարձավ «Ադրբեջան» կոչված արհեստածին միավորի տարածքում՝ Ապշերոնյան թերակղզու եւ Բաքու քաղաքում հայության ներկայությունը փաստող հայ եւ օտար աղբյուրներին՝ փաստելով, որ հայությունը միշտ եղանակ է ստեղծել այդտեղ թե քաղաքականության, թե մշակույթի ու տնտեսության մեջ։ Նրա խոսքով՝ հետխորհրդային Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հակահայկական քարոզչության եւ նոր թափ ստացած պատմաշինարարության պայմաններում ադրբեջանցի «պատմաբաններն» անցել են լայնածավալ տեղեկատվական հարձակման, որն էլ ավելի մեծ հետեւողականությամբ սկսեց իրականացվել Ադրբեջանի անկախացումից հետո։ Հետխորհրդային տարիներին գիտական վերահսկողությունից դուրս հայտնված ադրբեջանական պաշտոնական «պատմագրությունը» Բուն Աղվանքի եւ Շիրվանի պատմությանը նվիրված «աշխատություններում» կեղծարարությամբ շարունակաբար փորձում է յուրացնել Կուրի դաշտավայրից մինչեւ Ապշերոն թերակղզի ընկած տարածքի էթնոմշակութային եւ քաղաքական պատմությունը։ Այդ համատեքստում Ադրբեջանի կեղծարար պատմաբանների «պատմագիտական» ասպատակություններից առավել աչքի են ընկնում Բաքու քաղաքի պատմության յուրացման նկրտումները։ Քաղաքի տարբեր ժամանակաշրջանների պատմությանը նվիրված այսպես կոչված աշխատություններում ադրբեջանցի պատմահենները սկզբնաղբյուրների աղավաղման եւ կեղծման հակագիտական մոտեցմամբ հետեւողականորեն քողարկում են Ապշերոնյան թերակղզում ու Բաքվում հայերի հնաբնակությունը եւ մշակութակերտ գործունեությունը փաստող հայ, օտար աղբյուրների հավաստի տեղեկությունները, ժխտում են հայերի ունեցած որոշակի դերակատարությունը քաղաքի հասարակական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքի առաջընթացի ապահովման գործում։ «Այն, որ Արեւելյան Այսրկովկասում «ադրբեջանցի» հորջորջված կովկասյան թաթարները եկվորներ են, փաստվում է հենց 19-րդ դարի առաջին կեսի հեղինակ Աբասկուլի Աղա Բաքիխանովի հայտնած տեղեկությամբ, որով մերկացվում եւ ի չիք են դառնում ադրբեջանցի կեղծարարների հակապատմական եւ հակագիտական մտավարժանքները»,- ասաց նա՝ հավելելով, որ Բաքիխանովը գաղափար չի ունեցել «ադրբեջանցի» էթնիկական միավորի երբեւէ գոյության մասին։

Նշենք, որ Չոբանյանի գրչին են պատկանում նաեւ հայ ժողովրդի պատմության համար կարեւորագույն նշանակություն ունեցող հայ գաղթօջախների, Արցախի միջնադարյան պատմության հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրությունները: Նրա առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին հատկապես հայ միջնադարյան աղբյուրագիտության եւ պատմագրության հարցերը, այդ ուղղության զարգացման գերակայությունները: Արժեքավոր են նրա «Феномен Шуши» (2013 թ.) եւ «Արցախ. Ժողովրդագրության եւ տեղանվանակարգի հիմնախնդիրները ԼՂՀ անվտանգության համատեքստում» (2014 թ.) կոլեկտիվ մենագրությունները, որոնք հրատարակվել են որպես Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հավելված «Աշխատանքային տետրերի» հատուկ համարներում, որտեղ նա հանդես է եկել որպես ծրագրի համակարգող, գիտական խմբագիր եւ հիմնական հոդվածների հեղինակ: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակ թեկնածուական ատենախոսություններ, այդ թվում՝ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից եւ այլ արտասահմանյան երկրներից, եղել է բազմաթիվ թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս: 2010 թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՌԴ «150 лет со дня рождения К. Мечиева», 2011 թ.՝ «20 лет провозглашения Нагорно-Карабахской Республики» հուշամեդալներով:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

Տնտեսություն

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

Հայաստան

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Տնտեսություն

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում