Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

3 րոպեի ընթերցում

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը և նրա երաժշտախումբը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա հուլիսի 19-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

Գնչուական ջութակի վարպետ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը ծնվել է Հունգարիայում 1968 թվականին։ Նրա ճակատագիրը նախասահմանված էր. ջութակահարներ էին Ռոբիի հայրը, պապը, նախապապը։Նա հունգարացի ջութակահար Յանոշ Բիհարիի անմիջական հետնորդն է։ 

Բիհարին Բեթհովենի և Լիստի ընկերն էր, վերջիններս նրան «գնչուական ջութակի արքա» և «հունգարացի Օրփեոս» էին անվանում։Այս բնութագրերը, բացառիկ տաղանդի հետ մեկտեղ, ժառանգել է նաև Ռոբի Լակատոշը։ 

Երաժիշտն առաջին անգամ հպվել է ջութակին երկու տարեկանում և սկսել նվագել այն ամենն ինչ լսում էր: Հինգ տարեկանից, Թոնի և Շանդոր Լակատոշների ղեկավարությամբ, սկսվել է Ռոբիի լուրջ երաժշտական ուսումնառությունը և արդեն ինը տարեկանում նա հանդես է եկել առաջին մեծ համերգով։ Ավարտելով Բուդապեշտի կոնսերվատորիան՝ Ռոբին մեկնել է Բելգիա, որտեղ 1986 թվականին հիմնել է սեփական ջազ ակումբը։ «Գնչու վիրտուոզի» մասին խոսակցություններն ակնթարթորեն տարածվել են Եվրոպայում, և շուտով շատ հայտնի երաժիշտներ այդ ակումբի մշտական այցելուն են դարձել։ Նրանց թվում՝ աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Յեհուդի Մենուհինը, որ հիանում էր Ռոբիի աննկարագրելի կատարումներով: 

Այսօր Ռոբի Լակատոշը նվագում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում։ Նա համագործակցել է ժամանակի մեծագույն երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Հերբի Հենկոկը, Քուինսի Ջոնսը, Ստեֆան Գրապելին։ Նրա անունը ֆենոմենալ տեխնիկայի և կատարողական խելահեղ էներգիայի չափանիշ է դարձել։ Լակատոշն աշխարհում եզակի ոճական բազմազանությամբ աչքի ընկնող երաժիշտներից մեկն է, նրա կատարումները ժանրերից և սահմանումներից դուրս են։ Միախառնելով դասականը հունգարական և գնչուական հմայիչ մեղեդիներին ու ռիթմերին՝ Ռոբի Լակատոշը մշակութային ժառանգության խորը շերտեր է ի ցույց դնում՝ ունկնդրին տանելով երաժշտական վառ ու բազմազան գույների աշխարհ։ Նա տասնամյակներ շարունակ «վառում է երաժշտության կրակը» հազարավոր մարդկանց սրտերում։ Երևանյան համերգի ընթացքում մեծ վարպետի հետ բեմում կլինեն նրա ընկերները՝ վիրտուոզ երաժիշտներ Լասլո Բոնին (ջութակ), Լասլո Ռացը (ցիմբալ), Գաբոր Լադանյին (կիթառ), Ռոբերտ Սժաքչին (դաշնամուր) և Վիլմոս Չիսկոսը (կոնտրաբաս)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում