Միջազգային

Սի Ծինփինը կարող է եվրոպական մի քանի երկրներ այցելել և զրուցել Զելենսկիի հետ

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը կարող է եվրոպական մի քանի երկրներ այցելել և զրուցել Զելենսկիի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հաջորդ շաբաթ ՌԴ այցից հետո դիտարկում է եվրոպական մի շարք երկրներ այցելելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հրատարակությունը նշում է, որ ուղևորության ամբողջական երթուղին դեռ չի հաստատվել: Պարբերականը նաև հայտնում է, որ Չինաստանի ղեկավարը նախատեսում է խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ:

Սա, ըստ հրատարակության աղբյուրների, արտացոլում է Պեկինի ջանքերն՝ ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ուկրաինայում հակամարտության ավարտին միջնորդելու գործում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պլանավորում է Մոսկվա այցելել արդեն հաջորդ շաբաթ՝ նախատեսվածից ավելի վաղ: Պուտինն իր չինացի գործընկերոջը Մոսկվա էր հրավիրել անցած տարվա վերջին տեսակապով անցկացված բանակցությունների ժամանակ։

Սի Ծինփինը, որը հունիսին դառնում է 70 տարեկան, ուրբաթ օրը Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվել Է աննախադեպ՝ երրորդ հնգամյա ժամկետով: Դա հնարավոր Է դարձել 2018 թ.-ին ՉԺՀ-ի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո. այժմ միևնույն անձը կարող է պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնել անսահմանափակ ժամկետով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում