Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն աշխատանքային հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզում
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը Գեղարքունիքի մարզում համատեղ աշխատանքային այց կատարեցին Գեղարքունիքի մարզ։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Արթուր Երոյանին եւ Հարություն Մաթեւոսյանին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Գեղարքունիքի մարզի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համագործակցության, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանման հետ կապված հարցերի շուրջ։
Այնուհետ Գավառի Լ․Քալանթարի անվան պետթատրոնի դահլիճում կայացավ հանդիպում ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, ավագ եւ միջնակարգ դպրոցների տնօրենների եւ զինղեկների հետ։
Ռազմական համալսարանի պետ, Գնդապետ Արթուր Երոյանը ներկայացրեց համալսարանի ընդունելության կարգը, ուսումնական նոր ծրագրերն ու առավելությունները, գործընթացը եւ կուրսանտների մասնակցությունը վերապատրաստման տարբեր դասընթացներին։ Արթուր Երոյանը նաեւ պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ լայն բացատրական աշխատանք տանել մարզի հանրակրթական դպրոցներում, ծնողների շրջանում, համայնքապետարաններում եւ բնակավայրերում, իսկ աշակերտների համար առաջիկայում ճանաչողական այցեր եւ հանդիպումներ կազմակերպել ռազմական համալսարանում։
«Ռազմական համալսարանում ուսանելու պայմանները չափազանց գրավիչ են բոլոր առումներով, քանի որ մենք տալիս ենք անվճար ու որակյալ կրթություն, լուծում ենք սոցիալական խնդիրները՝ կապված սննդի, հագուստի, կեցության ծախսերի հետ, իսկ ավարտելուց եւ զինվորական կոչում ստանալուց հետո նրան տրվում է երեք սենյականոց բնակարան Երեւանում։ Մենք համատեղ պետք է կողմնորոշենք ու շահագրգռենք Հայոց բանակի ապագա սպաներին»,-նշեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետը։
«Իրականում մեզանից շատ բան է կախված, որպեսզի մեր աշակերտներն ընտրեն զինվորականի մասնագիտությունը։ Իսկ մեր բանակը դրա կարիքը միշտ ունեցել է եւ այժմ էլ ունի։ Եվ սա չափազանց կարեւոր խնդիր է մեր երկրի, մեր պետության համար։ Դպրոցներում ստեղծված փառքի անկյունները սերունդներին պատմում են մեր հերոս աշակերտների սխրանքների մասին, այն մասին, թե նրանք ինչպես են անմահացել՝ իրենց կյանքի գնով փրկելով մեր հայրենիքը։ Իսկ նրանց հայրենապաշտպան գործերը շարունակելու համար մենք պետք է ձգտենք հնարավորինս շատ թեկնածուներ տալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանին, որպեսզի ունենանք կիրթ, գրագետ ու պատրաստված սպաներ, հզոր ու մարտունակ բանակ։ Մենք տեղերում կկազմակերպենք հանդիպումներ, աշակերտները կայցելեն ռազմական համալսարան, կունենան հանդիպումներ, կանենք հնարավորը, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքների»,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Խոսրով Խլղաթյան