Ինովացիա

Երևանը պատրաստվում է տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական միջոցառմանը. կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը

2 րոպեի ընթերցում

Երևանը պատրաստվում է տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական միջոցառմանը. կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենան տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսը և նույնանուն համաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԴիջիԹեք ցուցահանդեսին այս տարի մասնակցում են շուրջ 120 տեղական և միջազգային, փորձառու և սկսնակ ընկերություններ, սպասվում են 60000-ից ավել այցելուներ։ Ցուցահանդեսն այցելուների համար ավանդաբար անվճար է։ Այս տարի գործարկվելու է ոչ պարտադիր առցանց գրանցում։ Գրանցվողներին սպասվում են անակնկալներ։ «ԴիջիԹեքին» կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը։

«Լինելով խոշորագույն ոլորտային միությունը՝ ԱՏՁՄ-ն հավակնում է կազմակերպել նաև խոշորագույն ծրագրերը։ «ԴիջիԹեք»-ն ավանդաբար կներկայացնի տարածաշրջանի տեխնոլոգիական միտումներն ու կամփոփի լավագույն ձեռքբերումները։ Համաժողովին սպասում ենք միջազգային տեխնոլոգիական առաջատար մասնագետների։ Մարտը թեժ է լինելու», - նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքանդր Եսայանը։

«ԴիջիԹեք 2022» համաժողովի քննարկումների խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։

Նշենք, որ համաժողովի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «ԴիջիԹեք 2022»-ի պաշտոնական կայքում։ Ուսանողների համար մուտքն անվճար է՝ մինչև փետրվարի 26-ը գրանցվելու դեպքում։ Օրակարգի և խոսնակների ցուցակի թարմացումներին հնարավոր է մշտապես ծանոթանալ պաշտոնական կայքում և ֆեյսբուքի էջում։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում