Մենք մենամարտում ենք ձեռքերով, բայց հաղթում ենք ուղեղով. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց բռնցքամարտը տարեցտարի նոր մակարդակի է բարձրանում Հայաստանում: Տարիներ առաջ կանանց բռնցքամարտում առաջիններից մեկն, ով սկսեց լուրջ արդյունքներ գրանցել միջազգային հարթակներում Անուշ Գրիգորյանն էր: Պատանիների աշխարհի առաջնության ոսկե մեդալը, Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողի կոչումը Անուշ Գրիգորյանին դասեցին բռնցքամարտի մեծ հեռանկար ունեցող մարզիկների շարքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անուշը պատմել է իր անցած ճանապարհի, ապագայի պլանների մասին:

-Անուշ, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը բռնցքամարտում:

-Ծնողներս սպորտ շատ են սիրում, և ես էլ միշտ հետևում էի Վիկ Դարչինյանի մենամարտերին: Եթե հիշում եք, երբ Վիկը հանդես էր գալիս Ավստրալիայում, ժամային գոտու տարբերություն կար, նրա մասնակցությամբ մենամարտերը մեզ մոտ առավոտյան ժամի էին: Ընտանիքով հետևում էինք Դարչինյանի մենամարտերին: Կարծում եմ՝ ինձ համար ճակատագրականն այդ առավոտներից մեկն էր, երբ հեռուստացույցով տեսա Դարչինյանի տպավորիչ մենամարտը:

-Իսկ երբ ծնողներին ասացիք, որ ցանկություն ունեք բռնցքամարտով զբաղվել, արձագանքը ինչպիսի՞ն էր:

-Բնականաբար, հայրս էլ, մայրս էլ դեմ էին` աղջկա մարզաձև չէ: Նույնիսկ ինձ շեղելու համար պարի խմբակ էին ուղարկել: Գիտեք, ես նախընտրում եմ անհատական մարզաձևերը: Չեմ սիրում, երբ ինչ-որ մեկի պատճառով ես եմ պարտվում կամ իմ պատճառով` նրանք: Երբ ինձ տանում էին պարի, ես չէի մտնում դահլիճ: Ծնողներս կարծում էին, թե պարի եմ հաճախում, այնինչ ես անգործ շրջում էի մինչև դասի ավարտը: Բայց բռնցքամարտում ճանապարհս սկսվել է քիքբոքսինգից: Մեր բնակավայրում` Արմավիրի մարզի Գայ գյուղում, ակումբ էր բացվել: Կրկին ծնողներիս համոզելով էի հաճախում մարզումների: Սկիզբը դրվեց Հայաստանի առաջնությամբ: Հայրիկիս հարցրեցի, արդյոք կթողնի՞ մնամ սպորտում, եթե անգամ պարտվեմ: Պատասխանը դրական էր: 2012 թվականին, երբ կանանց բռնցքամարտը դարձավ օլիմպիական ձև, հայրիկիս հետ որոշեցինք, որ իմ ճանապարհը կլինի օլիմպիական մարզաձևում` բռնցքամարտում:

-Անուշ, կա՞ մի բռնցքամարտիկ, ով օրինակ է ձեզ համար, ումից սովորել եք:

-Այո, այդպիսիք շատ են, բայց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների շարքում կառանձնացնեմ Կլարիսա Շիլդսին: Նա Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն: Ինձ շատ է դուր գալիս նրա բնավորությունը: Կարծես անվախ լինի:

-Ձեզ դեռևս չի հաջողվում մեծահասակների տարիքային խմբում կրկնել այն արդյունքն ու հաջողությունը, որը գրանցեցիք երիտասարդների տարիքային խմբերում: Ինչո՞ւ:

-Մարզիկը միշտ հասնում է տարիքային մի շեմի, երբ քո գիտելիքներն արդեն բավարար չեն: Դու դադարում ես արդյունք գրանցել, երբ քեզ քո «մարզիչները» չեն տալիս ավելին: Մեծահասակների տարիքային խմբում գիտելիքի մակարդակն էլ բարձր պետք է լինի: Իսկ առաջ գնալու համար էլ կրկին ժամանակի կարիք կա, երբ, ունենալով գիտելիք, թողնում ես, որ գիտելիքը նստվածք տա: Հիմա իմ քաշային կարգում մյուսներին անցնելու համար նախկինում արված մարզչական սխալների շտկում է պետք: Բռնցքամարտում մարզչի դերը հսկայական է: Նա մեկն է, ում դու լսում ես ռինգի անկյունից:

-Բռնցքամարտում ուժից զատ մեծ տեղ ու դեր ունի նաև հոգեբանությունը: Ինչպիսի՞ կարևորություն եք դուք տալիս հոգեբանությանը:

-Ինձ համար հոգեբանությունն ամենակարևորն է: Հոգեբանորեն թույլ եղար, եթե անգամ ամենաուժեղն ես, դատապարտված ես պարտության: Նախկինում ռինգ մտնելուց առաջ կենտրոնանում էի, որ չպարտվեմ, իսկ հիմա մտքումս հաղթանակած եմ ռինգ մտնում:

-Ո՞րն է բռնցքամարտի գեղեցկությունը:

-Խելքը: Մենք մենամարտում ենք ձեռքերով, բայց հաղթում ենք ուղեղով:

-Չկա զինվոր, որ չի ուզում գեներալ դառնալ, չկա մարզիկ, որ չի երազում օլիմպիական մեդալների մասին: Իսկ դո՞ւք…

-Հիմա Փարիզի Օլիմպիական խաղերի համար ինձ առավել շատ հավատ է պետք ինքս իմ ուժերի նկատմամբ: Նաև հավատ առ Աստված: Ես ինձ տեսնում եմ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

-Իսկ հետագայի համար պրոֆեսիոնալ ռինգում ձեզ փորձելո՞ւ եք:

-Ամեն ինչ կապված է սիրողական բռնցքամարտում գրանցած արդյունքներից: Մեծ նպատակներ ունեմ, որոնք այստեղ դեռևս չեն իրագործվել: Հիմա փոխել եմ մարզչիս և մարզվում եմ Մոնթե Մելքոնյանի անվան մարզադպրոցում` Հակոբ Մելքոնյանի գլխավորությամբ: Մարզիչս է, ով հիմա ինձ շատ է օգնում, հիմա կարծես զինվորի և հրամանատարի փոխհարաբերություններ ունենք: Իրար վստահելով՝ հաղթում ենք, առաջ գնում:

-Շնորհակալ եմ զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում