Հասարակական

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

2 րոպեի ընթերցում

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արդարադատության միջազգային դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունը:

Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ենթադրյալ «ցույցերի» կազմակերպումը և դրանց աջակցությունը, որի հետևանքով արգելափակվել է Լաչինի միջանցքով անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Բացի այդ, Հայաստանը խնդրել է դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:

Հայաստանը դեկտեմբերի 14-ին Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին: Միաժամանակ, Հայաստանը նույն օրը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը որոշել էր Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում