Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն թալիբներին կոչ է արել չեղարկել կանանց կրթության սահմանափակումները և ՀԿ-ներում աշխատելու արգելքը

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի ԱԽ-ն թալիբներին կոչ է արել չեղարկել կանանց կրթության սահմանափակումները և ՀԿ-ներում աշխատելու արգելքը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է թալիբների կառավարության քաղաքականությունը, որը թիրախավորում է Աֆղանստանի կանանց և աղջիկներին: 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» կանանց կրթության նկատմամբ աճող սահմանափակումներից: Թալիբները վերջին շաբաթվա ընթացքում կանանց արգելել են հաճախել համալսարան և աշխատել հասարակական կազմակերպություններում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ վերջին սահմանափակումները «պետք է չեղյալ հայտարարվեն»։ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության մեջ կոչ է արվում «կանանց և աղջիկների լիարժեք, հավասար և բովանդակալից ներգրավվածություն ապահովել Աֆղանստանում», վերաբացել դպրոցները և արագ կասեցնել այս քաղաքականությունն ու գործելակերպը, որը խախտում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հումանիտար բնագավառում կանանց աշխատելու արգելքը «զգալի և անմիջական ազդեցություն կունենա երկրում մարդասիրական գործողությունների վրա», այդ թվում՝ ՄԱԿ-ի համար:

«Կանանց և աղջիկներին դուրս մղելու և լռեցնելու գործողությունները շարունակում են ահռելի տառապանքներ պատճառել և լուրջ հետընթաց հանդիսանալ աֆղան ժողովրդի ներուժի համար», - գրել է Գուտերեշը Twitter-ում՝ հավելելով, որ «Թալիբանի» կողմից վերջին սահմանափակումները մարդու իրավունքների չարդարացված խախտումներ են և պետք է չեղարկվեն:

BBC-ն նշում է, որ առնվազն հինգ առաջատար հասարակական կազմակերպություններ դադարեցրել են աշխատանքն Աֆղանստանում այն բանից հետո, երբ թալիբների կառավարությունը կանանց արգելել է աշխատել իրենց մոտ: Care International-ը, Նորվեգիայի փախստականների խորհուրդը և Save the Children-ը հայտարարել են, որ չեն կարող շարունակել իրենց աշխատանքն՝ առանց իրենց անձնակազմի կին անդամների: Փրկարարների միջազգային կոմիտեն նույնպես կասեցրել է իր ծառայությունները, իսկ Islamic Relief կազմակերպությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր աշխատանքների մեծ մասը:

Անցյալ շաբաթ թալիբները ձերբակալել էին 5 կանանց, ովքեր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ցույցի ժամանակ իրենց բողոքն էին հայտնում կանանց կրթության արգելքի դեմ: Ձերբակալվել էին նաև 3 լրագրողներ։

Անցյալ տարի երկրի վերահսկողությունը վերադարձնելուց հետո թալիբները սահմանափակել են կանանց իրավունքները՝ չնայած խոստացել էին, որ այս անգամ ավելի մեղմ քաղաքականություն կվարեն, քան 1990-ականներին:

Բացի համալսարանում սովորելու և հասարակական կազմակերպություններում աշխատելու արգելքից, նահանգների մեծ մասում աղջիկներին արգելվում է նույնիսկ միջնակարգ դպրոց հաճախել: Կանանց, ի թիվս այլ հասարակական վայրերի, արգելվել է նաև մտնել այգիներ և մարզասրահներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում