Քաղաքականություն

Արտաքին հետախուզության ծառայության պետը կդառնա Անվտանգության խորհրդի անդամ. Արմեն Գրիգորյան

3 րոպեի ընթերցում

Արտաքին հետախուզության ծառայության պետը կդառնա Անվտանգության խորհրդի անդամ. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ,20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա պետական համակարգի մարմին:

«Արտաքին հետախուզության ստեղծման հանձնառությունն ամրագրված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառման ծրագրում: Նախագծային դրույթներով սահմանված են ծառայության կառուցվածքը, ծառայողների ծառայության անցնելու, պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց, որ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք, և այդ հետախուզական համայնքում կարևոր դերակատարություն է ունենալու արտաքին հետախուզության ծառայությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով նորաստեղծ ծառայությանը հնարավորություն կընձեռվի ավելի լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը տեղեկացրեց նաև, որ ներկայացված փաթեթով Արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում