ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով հնարավոր է Թուրքիան նոր անդրսահմանային ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT-ն:
«Մենք գիտենք ահաբեկիչների անունները, վայրերը: Մենք նաև գիտենք, թե ով է նրանց պահում, զինում և ոգեշնչում: Տա Աստված, մոտ ապագայում մենք ոչնչացնենք ահաբեկիչների արմատները մեր տանկերով և հրետանու միջոցով», - ասել է նա:
«Այսուհետ մենք ունենք միայն մեկ քայլ՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Մենք անվտանգության գիծ ենք գծել Իրաքի և Սիրիայի հետ մեր սահմանների երկայնքով, և ոչ ոք չի կարող մեզ խանգարել մեր սահմանների պաշտպանության հարցում: Վերջին մի քանի օրերին մեր ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը եղել են ահաբեկիչների գլխավերևում, մենք բոլորին կոչնչացնենք»,- շարունակել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նոյեմբերի 21-ին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Սիրիայում PKK-ի ահաբեկիչների (խմբ.-Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (PKK) պաշտոնական Անկարայի կողմից հռչակված է որպես ահաբեկչական կազմակերպություն) դեմ ցամաքային գործողություն իրականացնելու հնարավորությունը։
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, որին ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։
Տեղեկությունների համաձայն՝ իբր ահաբեկչական կազմակերպությունների դեմ Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների արդյունքում Իրաքում և Սիրիայում տուժում և զոհվում են նաև մեծ թվով խաղաղ բնակիչներ: