Կրթական, առողջապահական ծախսերը որոշ չափով կփոխհատուցվեն. ինչ հնարավորություն է տալիս եկամուտների հայտարարագրման համակարգը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման նպատակներից է պետական ծրագրերն ու քաղաքականությունն առավել թիրախային ու հասցեական իրականացնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ խնդիր է դրված ֆիզիկական անձանց պարագայում ձևավորել անձնավորված համապարփակ հաշվառման համակարգ:

«Համակարգ, որը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունները և ծրագրերը ավելի լավ հասցեավորել, ավելի լավ ընտրել թիրախային խմբերին, ճիշտ տեղորոշել շահառու անձանց, ճանաչելով քաղաքացիներին՝ իրականացվող ծրագրերը դարձնել ավելի արդյունավետ, ավելի օպերատիվ ու հասցեական»,-ասաց նախարարի տեղակալը:

Համակարգի ներդրման մյուս նպատակը ֆիզիկական անձանց շրջանում քաղաքացիական իրավագիտակցության մակարդակի բարելավումն է, հարկային մշակույթի ձևավորումը:

«Բոլորս օգտվում ենք հանրային բարիքներից և, ըստ այդմ, որպես քաղաքացիներ, որպես ռեզիդենտ անձ, պարտավոր ենք նաև բարեխղճորեն կատարել մեր հարկային պարտավորությունները: Սա բնավ չի նշանակում, որ սրանով նախատեսվում է ընդլայնել հարկվող եկամուտների շրջանակը կամ բարձրացնել եկամուտը հարկելու դրույքաչափը: Այս նախաձեռնությունը հարկային բեռն ավելացնելու մասին չէ, այն նպաստավոր միջավայր և արդյունավետ գործիքակազմ ձևավորելու մասին է»,-ասաց Արման Պողոսյանը:

Եկամուտների հայտարարագրման գործընթացի հիմնական մասը կատարելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Քաղաքացուն մնում է միայն ճշտել տվյալները, հավելումների անհրաժեշտության դեպքում դա կատարել ու հաստատել:

Խոսելով արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիների մասին՝ Արման Պողոսյանը նշեց, որ միջազգային հարկային իրավունքի տրամաբանությունն այնպիսին է, որ այդ եկամուտները ենթակա են հարկման արտերկրում: Օրենքով նախատեսված է, որ արտերկրում ստացված եկամուտներից վճարված հարկերը մեր երկրում ենթակա են նվազեցման վճարվելիք հանրագումարային հարկերից:

«Դրա համար նախատեսված է ունենալ համապատասխան տեղեկանք այն մասին, որ իքս ծավալի հարկեր են վճարվել այլ երկրում: Հիմա կառավարությունն այսպիսի լուծում է առաջակել՝ թեթևացնելու մեր հայրենակիցների բեռը: Լուծումը ենթադրում է, որ տարեկան մինչև 12 մլն դրամի չափով եկամուտ ստացողներից չի պահանջվի այդ տեղեկանքը: Հետևաբար, հայտարարագրման, Հայաստանում վճարվելիք հարկերի նվազեցման գործում քաղաքացին չի էլ նկատի այդ վարչարարական բեռը»,-ասաց Արման Պողոսյանը:

Ինչ վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնք ապրում են Հայաստանում ու գումարներ են ստանում տրասնֆերտների տեսքով, ապա նախարարի տեղակալը նշեց, որ դրանք հարկվող եկամուտներ չեն ստացող անձի համար: Դրանք հարկվող եկամուտներ են արտերկրում աշխատող անձի համար: Ուղարկված գումարը Հայաստանի օրենսդրությամբ նվիրատվությանը հավասարեցված գումար է, հարկման ենթակա չէ:

Նախատեսվում է հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ՝ սոցիալական կրեդիտներ: Քաղաքացին որոշակի փոխհատուցում կստանա կրթության, առողջապահության ոլորտում իրականացվող ծախսերի դիմաց: Օրինակ, հայտարարատու անձը, երբ տարվա ընթացքում կատարել է կրթական և առողջապահական ծախսեր և ստացել է դրանց համապատասխան փաստաթղթավորում, ապա հայտարարագրի ներկայացմամբ, անձն իրավունք է ստանալու որոշակի չափով գումար հետ ստանալ կամ նվազեցնել իր կատարելիք հարկային պարտավորություններից:

Հայտարարագիրը չներկայացնելու կամ չհաստատելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն: Համակարգի ներդրման աշխատանքները սկսվելու են 2023 թվականից՝ փուլային տարբերակով:

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն

Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ

2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան

Բրյուսելը պետք է դադարեցնի թշնամական քաղաքականությունը Վրաստանի նկարմամբ. խորհրդարանի խոսնակ

Կառավարությունը կսկսի հաջորդ 300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը․ վարչապետ

Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. առնվազն 19 մարդ մահացել է

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները Ստամբուլում կքննարկեն տարածաշրջանային համագործակցության և անվտանգության հարցեր

ԿԸՀ-ն թարմացված տվյալներ հրապարակեց. ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը

Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Գեղամասարում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր