Տնտեսություն

Կրթական, առողջապահական ծախսերը որոշ չափով կփոխհատուցվեն. ինչ հնարավորություն է տալիս եկամուտների հայտարարագրման համակարգը

4 րոպեի ընթերցում

Կրթական, առողջապահական ծախսերը որոշ չափով կփոխհատուցվեն. ինչ հնարավորություն է տալիս եկամուտների հայտարարագրման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման նպատակներից է պետական ծրագրերն ու քաղաքականությունն առավել թիրախային ու հասցեական իրականացնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ խնդիր է դրված ֆիզիկական անձանց պարագայում ձևավորել անձնավորված համապարփակ հաշվառման համակարգ:

«Համակարգ, որը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունները և ծրագրերը ավելի լավ հասցեավորել, ավելի լավ ընտրել թիրախային խմբերին, ճիշտ տեղորոշել շահառու անձանց, ճանաչելով քաղաքացիներին՝ իրականացվող ծրագրերը դարձնել ավելի արդյունավետ, ավելի օպերատիվ ու հասցեական»,-ասաց նախարարի տեղակալը:

Համակարգի ներդրման մյուս նպատակը ֆիզիկական անձանց շրջանում քաղաքացիական իրավագիտակցության մակարդակի բարելավումն է, հարկային մշակույթի ձևավորումը:

«Բոլորս օգտվում ենք հանրային բարիքներից և, ըստ այդմ, որպես քաղաքացիներ, որպես ռեզիդենտ անձ, պարտավոր ենք նաև բարեխղճորեն կատարել մեր հարկային պարտավորությունները: Սա բնավ չի նշանակում, որ սրանով նախատեսվում է ընդլայնել հարկվող եկամուտների շրջանակը կամ բարձրացնել եկամուտը հարկելու դրույքաչափը: Այս նախաձեռնությունը հարկային բեռն ավելացնելու մասին չէ, այն նպաստավոր միջավայր և արդյունավետ գործիքակազմ ձևավորելու մասին է»,-ասաց Արման Պողոսյանը:

Եկամուտների հայտարարագրման գործընթացի հիմնական մասը կատարելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Քաղաքացուն մնում է միայն ճշտել տվյալները, հավելումների անհրաժեշտության դեպքում դա կատարել ու հաստատել:

Խոսելով արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիների մասին՝ Արման Պողոսյանը նշեց, որ միջազգային հարկային իրավունքի տրամաբանությունն այնպիսին է, որ այդ եկամուտները ենթակա են հարկման արտերկրում: Օրենքով նախատեսված է, որ արտերկրում ստացված եկամուտներից վճարված հարկերը մեր երկրում ենթակա են նվազեցման վճարվելիք հանրագումարային հարկերից:

«Դրա համար նախատեսված է ունենալ համապատասխան տեղեկանք այն մասին, որ իքս ծավալի հարկեր են վճարվել այլ երկրում: Հիմա կառավարությունն այսպիսի լուծում է առաջակել՝ թեթևացնելու մեր հայրենակիցների բեռը: Լուծումը ենթադրում է, որ տարեկան մինչև 12 մլն դրամի չափով եկամուտ ստացողներից չի պահանջվի այդ տեղեկանքը: Հետևաբար, հայտարարագրման, Հայաստանում վճարվելիք հարկերի նվազեցման գործում քաղաքացին չի էլ նկատի այդ վարչարարական բեռը»,-ասաց Արման Պողոսյանը:

Ինչ վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնք ապրում են Հայաստանում ու գումարներ են ստանում տրասնֆերտների տեսքով, ապա նախարարի տեղակալը նշեց, որ դրանք հարկվող եկամուտներ չեն ստացող անձի համար: Դրանք հարկվող եկամուտներ են արտերկրում աշխատող անձի համար: Ուղարկված գումարը Հայաստանի օրենսդրությամբ նվիրատվությանը հավասարեցված գումար է, հարկման ենթակա չէ:

Նախատեսվում է հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ՝ սոցիալական կրեդիտներ: Քաղաքացին որոշակի փոխհատուցում կստանա կրթության, առողջապահության ոլորտում իրականացվող ծախսերի դիմաց: Օրինակ, հայտարարատու անձը, երբ տարվա ընթացքում կատարել է կրթական և առողջապահական ծախսեր և ստացել է դրանց համապատասխան փաստաթղթավորում, ապա հայտարարագրի ներկայացմամբ, անձն իրավունք է ստանալու որոշակի չափով գումար հետ ստանալ կամ նվազեցնել իր կատարելիք հարկային պարտավորություններից:

Հայտարարագիրը չներկայացնելու կամ չհաստատելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն: Համակարգի ներդրման աշխատանքները սկսվելու են 2023 թվականից՝ փուլային տարբերակով:

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում