Բազմամշակութային միջավայր, միստիկա, բարտենդերներ․Երևանում բացվել է նախադեպը չունեցող Banderego կոկտեյլ բարը
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում բացվել է Banderego բազմամշակութային կոկտեյլ բարը. ի տարբերություն մյուս բարերի՝ այստեղ հյուրին սպասարկելու են բարտենդերները։ Նրանք, ինչպես օրինակ քո ընկերը, կարող են նստել նույն սեղանի շուրջ, շփվել, ստեղծել ջերմ մթնոլորտ, հետաքրքրիր պատմություններ պատմել այս կամ այն երկրի մշակույթի, խմիչքների մասին։ Banderego-ում հյուրը կարող է վայելել տարբեր երկրների մշակույթներին բնորոշ խմիչքներ, համտեսելհամերիտարբեր համադրություն ունեցող ուտելիքներ, ծանոթանալ բարի տարածքում միստիկ արտեֆակտների հետ:
Banderego կոկտեյլ բարի հիմնադիր Ջոն Մկրտչյանը ներկայացրել է, թե ինչու են ընտրել Banderego անվանումը. «Bander» հնդկերենից թարգմանաբար նշանակում է՝ կապիկ, իսկ «ego»-ն մարդկային էգոն է։
« Խոսքը մարդկային էվոլյուցիայի և զարգացման ուղու մասին է, որը չի դադարում և անընդհատ շարունակվում է։ Բարում գրեթե բոլոր մշակույթները միախառնել ենք մեկ վայրում։ Հյուրը տարածքում կարող է ծանոթանալ տարբեր արտեֆակտների հետ և ըմպել 15 երկրի մշակույթին բնորոշ խմիչք։ Ունենք հայկական կոկտեյլներ, որոնց բաղադրատոմսը վերցրել ենք Մատենադարանում պահվող ձեռագրերից։ Օրինակ՝ «Արքայական բալասան», «Ջինջ», «Արատես» խմիչքները։ Բարի տարածքի բույրը ևս հայկական է, որը կոչվում է «Դրախտի բույր», իսկ մեռոնաբույրի հիմքի վրա պատրաստված են օճառը և ձեռքի քսուքը»,- ասաց Մկրտչյանը։
Բարում հյուրերը կարող են նաև վիրտուալ իրականության մեջ ծանոթանալ թե մշակույթներին, թե ծիսակատարություններին, թե նաև՝ մաստեր կլասներին։
««1440» թիվը շատ ենք ցույց տալիս բարի տարածքում, որը մեր կարևորագույն արժեքն է։ Մեկ օրն ունի 1440 րոպե, ու ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը մեկ րոպե անգամ անիմաստ ժամանակ չկորցնեն, այլ իրենց ժամանակը ճիշտ օգտագործեն։ Դա մեր հիմնական փիլիսոփայությունն է՝ սկսած կառավարման մեխանիզմներից, վերջացրած սպասարկումից»,- ընդգծեց Մկրտչյանը։
Ըստ Ջոն Մկրտչյանի՝ Banderego կոկտեյլ բարի նպատակն է բարելավել Հայաստանում բարային մշակույթը ու սպասարկումը։
«Banderego-ի թիմը վերապատրաստվել է El Copitas-ի կողմից, որն աշխարհի 8-րդ լավագույն բարն է։ Վերապատրաստումը շարունակական բնույթ է կրելու, ունենք հստակ կրթական ծրագիր՝ շաբաթը երեք օր ամբողջ թիմը սովորում է՝ բուսաբանությունից սկսած, մինչև գաստրոֆիզիկա, լեզուներ և այլն։ Մեր նպատակն է մտնել աշխարհում լավագույն 50 բարերի ցանկ»,- ընդգծեց Մկրտչյանը՝ հավելելով, որ Banderego-ի թիմում ընդգրկված են տարբեր երկրների ներկայացուցիչներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել նախագծի մշակման մեջ։
Հյուրի մուտքը բար իրականացվում է վերիֆիկացիայի միջոցով։ «Banderego»-ի կայքում մարդիկ գրանցվում են, որից հետո անձի սոցիալական ցանցի էջը ստուգում են ու հաստատում ամրագրումը։
Բարի ինտերիերի դիզայներ Կարեն Աղաջանյանն իր առջև խնդիր էր դրել ստեղծել մի այնպիսի միջավայր, որը չունի իր կրկնօրինակը։
«Այստեղ ներկայացված է ամբողջ աշխարհի մշակույթը, ամեն անկյունն ունի իր առանձնահատկությունը, գույնը, տեքստուրան։ Կարող եմ վստահաբար ասել, որ, 20 տարվա աշխատանքային փորձ ունենալով, սա իմ ամենաբարդ նախագիծն էր, բայց ինձ այդ աշխատանքը մաքսիմալ հաճույք պարգևեց»,-շեշտեց Աղաջանյանը։
Front Office տնօրեն Սարգիս Բրսոյանը, ով 15 տարվա փորձ ունի և աշխատել է տարբեր երկրներում, ինչպիսիք են՝ Արաբական Միացյալ էմիրությունները, Ռուսաստանը, Չինաստանը, ցանկանում է իր գիտելիքները օգտագործել Հայաստանում, որպեսզի հյուրերը ստանան էմոցիոնալ ծառայություն։
«Ես այդ սերվիսը անվանել եմ «Նովուս», որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «նոր»։ Այստեղ չունենք մատուցողներ, մեզ մոտ ծառայություն են մատուցում բացառապես բարտենդերները, որոնք հյուրի հետ անմիջական կապ են հաստատում։ Եթե հյուրը թույլ է տալիս, բարտենդերները կարող են նստել նույն սեղանի շուրջ, շփվել, ստեղծել ջերմ և անմիջական մթնոլորտ,ընկերական վերաբերմունք ցուցաբերել։ Օրինակ՝ ինչպես դուք կգնայիք ձեր ընկերոջ տուն։ Երևանում պակասում է այդ էմոցիոնալ սերվիսը»,- ասաց Բրսոյանը։
Արամ Mp3-ն առաջին անգամ է տեսնում նման բար Երևանում:
«Առաջին անգամ այս բարը տեսել էի համացանցում ու չէի հավատում, որ Երևանում է այս վայրը։ Եկա ու համոզվեցի։ Շատ սիրուն է, միստիկ է ու տրամադրող։ Ուրախ եմ, որ Երևանում նման բար կա։ Նոր քայլ է, նոր շունչ, նոր ձևաչափ, որը, կարծում եմ, կգոհացնի բոլորին»,- եզրափակեց Արամ Mp3-ն։
Հեղինակ՝ԿարենԽաչատրյան
Լուսանկարները՝ՀայկՄանուկյան