Սփյուռքը Հայաստանի հուսալի գործընկերն է, դրա վառ ապացույցը լայն թափով տեղի ունեցող հայրենադարձությունն ու կապիտալի ներհոսքն է. փոխվարչապետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի հարյուրավոր համայնքներից Երևան ժամանած հայրենակիցների մասնակցությունը հայկական աշխարհի համախմբմանն ուղղված այս կարևոր միջոցառմանը հնարավորություն է տալիս միասին քննարկելու, գտնելու ու մշակելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի շարունակական զարգացման նոր հնարավորությունները, փոխգործակցության շահավետ ձևաչափերը, մատնանշելու առաջնահերթություններն ու կյանքի կոչելու հայանպաստ ծրագրերը: Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում նշել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսանը
«Ժամանակակից աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, թևակոխել է գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջան, որում առկա են լրջագույն մարտահրավերներ՝ սկսած անվտանգության խնդիրներից մինչև ինքնության պահպանում, տնտեսական զարգացման իրողություններից մինչև դրանց հաղթահարմանն ուղղված նորարար լուծումներ առաջարկելու անհրաժեշտություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Համբարձում Մաթևոսյանը և այդ համատեքստում ընդգծել, որ միմիայն Հայաստանի Հանրապետության, Արցախի և աշխարհասփյուռ հայության ջանքերի համախմբման շնորհիվ կարող ենք հաղթահարել ներկա մարտահրվերները, նոր որակ հաղորդել և ինստիտուցիոնալ նոր մակարդակի հասցնել գործակցությունը՝ դրան հաղորդելով հայաստանակենտրոն ու ռազմավարական բնույթ:
Ելույթի ավարտին փոխվարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը բացառիկ առիթ է ամրապնդելու հայրենիք-սփյուռք կապերը, լսելի դարձնելու սփյուռքի համայնքների ձայնը, փոխանցելու այն կարևոր ուղերձը, որ Սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն ու հուսալի գործընկերն է, և որի վառ ապացույցը լայն թափով տեղի ունեցող հայրենադարձության գործընթացն է և կապիտալի ներհոսքը, ինչն էական է երկրի տնտեսական ցուցանիշների և ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյուններից: