«Արմենպրես»-ը նոր հիմքերի վրա է դնում բուլղարական BTA լրատվական գործակալության հետ համագործակցությունը․ ստորագրվել է նոր համաձայնագիր
5 րոպեի ընթերցում

ՍՈՖԻԱ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական «Արմենպրես» և բուլղարական BTA լրատվական գործակալությունների միջև համագործակցությունն այսուհետ նոր բնույթ կստանա։ Հոկտեմբերի 19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գործակալությունների միջև ստորագրվեց համագործակցության նոր համաձայնագիր, որն ավելի արդյունավետ ու ինտենսիվ կդարձնի կողմերի միջև լրատվության փոխանակումը։ Համաձայնագիրը ստորագրել են «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը ևBTA-ի տնօրեն Կիրիլ Վալչևը։
Նարինե Նազարյանը, հիշեցնելով, որ բուլղարական BTA-ի հետ համագործակցությունը սկսվել է դեռ 2004 թվականից, ընդգծեց, որ նոր համաձայնագրով գործակցությունը նոր ու ավելի ամուր հիմքերի վրա կդրվի։ «Գործընկերոջս՝ Կիրիլ Վալչևի առաջարկով մենք համաձայնել ենք, որ երկու գործակալություններն այսուհետ լուրեր կթողարկեն «օրական մեկ լուր» սկզբունքով, որը ենթադրում է, որ այդ օրվա լրահոսի կարևորագույն լուրերից մեկն անպայման տեղ կգտնի գործընկեր լրատվամիջոցում։
Այս համաձայնագիրը թույլ կտա, որ մեր երկրներն ավելի մոտ լինեն մեկը մյուսին, կառուցեն բարեկամության նոր պատմություն, որի հիմնական նպատակն է՝ ամրապնդել վստահությունը և մեկը մյուսի մասին ավելի իրազեկել հասարակություններին»,- ասաց Նազարյանը։ Նա հիշեցրեց, որ «Արմենպրես»-ը, մեծ կարևորություն հաղորդելով միջազգային գործընկերային ցանցի ընդլայնմանը, համաձայնագրեր է ստորագրել աշխարհի ավելի քան 25 լրատվական գործակալության հետ։ «Միայն այս տարի համաձայնագրեր են ստորագրվել արգենտինական Telam, կատարական QNA և իտալական ANSA լրատվական գործակալությունների հետ։ Սա քայլ է՝ ավելի մոտ լինելու աշխարհին, քանի որ լուրերի փոխանակումը փոխադարձ ճանաչելիության կարևոր գործիք է»,- ընդգծեց «Արմենպրես»-ի տնօրենը։

Բուլղարական BTA-ի տնօրեն Կիրիլ Վալչևը հատկանշական համարեց այն, որ համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում։ Նա նշեց, որ սա գործակալության 17-րդ նմանօրինակ համաձայնագին է գործընկեր լրատվական գործակալության հետ։ Վալչևն ընդգծեց, որ բացի լրատվության փոխանակումից, համաձայնագիրը հիմք կդառնա BTA-ի և «Արմենպրես»-ի միջև լրագրողների փոխանակման ծրագրերի իրականացման համար։

«Մենք փոխկապակցված ենք տարբեր ձևերով։ Բուլղար ու հայ ժողովուրդները, ինչպես [Պեյո] Յավորովն (խմբ․ - բուլղար բանաստեղծ) էր անվանում՝ «միշտ քաջ ժողովուրդները», փոխկապակցված են ընդհանուր քրիստոնեական հավատով։ Խորհրդանշական է, որ մեր լրատվական գործակալությունների միջև համաձայնագիրը ստորագրվեց երկնային հովանավոր Սուրբ Հովհաննես Ռիլսկիի օրը, ով կոչ էր անում ապրել համերաշխության ու ներդաշնակության մեջ։
Հայերենում հայտնի խոսք կա․ «Այսօրվա խոսքը վաղվա կամուրջն է»։ Վստահ եմ, որ մեր միջև շատ կամուրջներ ենք կառուցելու»,- ասաց բուլղարական գործակալության ղեկավարը։
BTA-ն Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունն է՝ հիմնված 1898 թվականին։ լուրեր է հաղորդում բուլղարերեն և անգլերեն։ Այսօր BTA-ի բաժանորդ են համարվում Բուլղարիայի բոլոր առաջատար լրատվական գործակալությունները։ Գործակալությունը Լրատվական գործակալությունների եվրոպական դաշինքի և Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդի անդամ է, Բալկանյան ազգային լրատվական գործակալությունների խորհրդի հիմնադիր անդամ։
«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին (այն ժամանակ՝Հայկական հեռագրական գործակալություն): Գործակալությունն ունի հարուստ տեղեկատվական եւ լուսանկարչական արխիվ, որոնք Հայաստանի և տարածաշրջանի յուրահատուկ պատմությունն են ներկայացնում: Գործակալությունն օրական հրապարակում է շուրջ 350 լուր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն և իսպաներեն։ «Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: