Քաղաքականություն

Սահմանային միջադեպերից խուսափելու համար Հայաստանն ակտիվորեն քննարկում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի կիրառումը. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Սահմանային միջադեպերից խուսափելու համար Հայաստանն ակտիվորեն քննարկում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի կիրառումը. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հետ սահմանային միջադեպերից խուսափելու համար Հայաստանն ակտիվորեն քննարկում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի կիրառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

Նա նշեց, որ կա համընդհանուր ընկալում՝ այդ թվում միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը , խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ, գուցե, չստեղծեն, և հավելյալ երաշխիքներ պահանջվեն, օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային, մոնիթորինգային, դիտորդական կամ որևէ այսպիսի այլ մեխանիզմի առկայություն պահանջվի:

«Սա այլ գործիքներից մեկն է, որը քննարկվում է՝ ի թիվս մյուս գործիքների: Մեկ այլ գործիք էլ կարող եմ մատնանշել, օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից ԶՈՒ-երի հետքաշումը: Կան տարբեր գործիքներ՝ նաև միջազգային մոնիթորինգային մեխանիզմը և դա շատ ակտիվ քննարկվում է»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով օրեր առաջ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրապարակած այն հոդվածին, որ ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող սադրիչ գործողությունները պայմանավորված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի նաև բանավոր պայմանավորվածություններով՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ տարակուսանք է ապրել, երբ կարդացել է հոդվածը, քանի որ պնդումների, հետևությունների հիմքում դրված էր շատ թեական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ:

«Իսկ ի՞նչ, եթե նման պայմանավորվածություններ չկան: Ստացվում է, որ այդ ամբողջ թեզը, վերլուծությունը անիմաստ, անտեղի բառերի միացություն է՝ ողջ հարգանքով այդ անձի նկատմամբ: Իսկ այդպիսի պայմանավորվածություններ չկան և մենք այդ մասին բազմիցս ասել ենք: Հայաստանը որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու»,-հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում