Հասարակական

Հաջորդ ուստարվանից հաստատություններում պարտադիր կդառնա հոգեբանի հաստիքը. ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի անդամներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը:

«Դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի հետ կապված: Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից բոլոր հաստատություններում պարտադիր կդառնա հոգեբանի հաստիքը: Այդ առումով առկա են բազում անելիքներ՝ որակյալ հոգեբաններ ներգրավելու, նրանց վերապատրաստելու, մասնագիտական զարգացմանը նպաստելու, ինչպես նաև՝ աջակցելու առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

«Այսօրվա բարդ իրականությունում երեխաների հոգեբանական աջակցության խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, և այս առումով կարևորում եմ ուսուցիչների հետ տարվող աշխատանքը: Մենք պետք է ծրագրի հավասար շահառուներ դիտարկենք թե՛ սովորողներին, թե՛ ուսուցիչներին. եթե ուսուցիչները չունենան այդ տոկունությունը, ապա այն երեխաներին փոխանցելը դժվար կլինի: Մեր ուսուցիչները, իհարկե, շատ ուժեղ են, և նրանցից շատ բան ունենք սովորելու, բայց նաև մեթոդական աջակցության կարիք կա, որպեսզի որպես անձ՝ տարբեր իրավիճակներում ավելի պատրաստված լինեն և երեխաներին ճիշտ ուղղորդեն»,- ասել է փոխնախարարն՝ վստահեցնելով, որ առանց համատեղ աշխատանքի հնարավոր չէ հաջողության հասնել:

Ռիտա Կույումջյանի խոսքով՝ հետտրավմային աճի սկզբունքների վրա հիմնված տոկունության բարձրացման դասընթացի նպատակն է հանրության շրջանում ձևավորել դրական մտածելակերպ, խոցելի խմբերի մոտ բարձրացնել տոկունության աստիճանը և դաստիարակել հոգեպես առողջ սերունդ: Նա վստահեցրել է՝ այդ ամենը հնարավորություն կտա անհատին և հասարակությանն ավելի լավ դիմակայել հետագա փորձություններին: Հանրակրթական ծրագրում նմանօրինակ դասընթացի հնարավոր ներառումը, ըստ Ռիտա Կույումջյանի, կարող է նպաստել յուրաքանչյուր աշակերտի տոկունության բարձրացմանը, բուլինգի նվազեցմանը, կենտրոնացման բարելավմանը և ուսումնական առաջադիմության բարձրացմանը:

Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ, որի շրջանակում համագործակցող բոլոր կողմերի, այդ թվում՝ ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և դրա տարածքային կառույցների մասնակցությամբ աշխատանքներ կիրականացվեն՝ որոշ համայնքների դպրոցներում ծրագիրը փորձնական ներդնելու հնարավորության ուղղությամբ։

«Գործընթացում կներգրավվեն մեր մասնագիտական ռեսուրսները․ ԿԶՆԱԿ-ը՝ կրթության բովանդակության և ուսուցիչների պատրաստման մասով, իսկ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը՝ որպես մասնագիտացված ծառայություն մատուցող մարմին։ Հընթացս կմշակվեն ծրագրի մեթոդաբանությունը և գործիքակազմը, ինչպես նաև կհստակեցվեն համապատասխան գործառույթները: Փորձնական ծրագրի արդյունքների գնահատումից հետո կքննարկվի դրա հետագա իրականացման և տարածման հնարավորությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ առաջարկելով գործընթացում ներգրավել նաև Մանկավարժական համալսարանին։

Հայերեն

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությանն ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին

Վատիկանում ավարտվել է քվեարկության ևս մեկ փուլ՝ առանց նոր պապի ընտրության

2018-ից հետո ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվություն չունենք․ գլխավոր դատախազ

Հայաստանում հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային

Մեր քաղաքական ամոթն է, որ որոշ մարդիկ դեռ բանտում չեն. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով

Իսրայելական ուժերն ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանի

Հայաստանի հավաքականը կմասնակցի եվրոբասկետի նախընտրական փուլին

Մենք կոռուպցիան համարում ենք սպառնալիք մեր ազգային անվտանգությանը. Արմեն Գրիգորյան