Հայաստան

Մենք կոռուպցիան համարում ենք սպառնալիք մեր ազգային անվտանգությանը. Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

Մենք կոռուպցիան համարում ենք սպառնալիք մեր ազգային անվտանգությանը. Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը հավաքագրում է կոռուպցիայի դեպքերի մասին մամուլի բոլոր հրապարակումները, կազմում է ամբողջական զեկույց և դա ներկայացնում է վարչապետին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած բոլոր հրապարակումները հավաքագրվում են։ Մեր հիմնական ուշադրությունը, բնականաբար, նաև կառավարության անդամների, ՏԻՄ մարմիններում աշխատող քաղաքացիներին վերաբերվող հրապարակումները։ Այսինքն, բոլոր այն հրապարակումները, որոնք, ամենայն հավանականությամբ, դուք էլ եք տեսնում, մենք հավաքագրում ենք ու զեկուցում ենք վարչապետին»,- մանրամասնեց Արմեն Գրիգորյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ անվտանգության խորհուրդը ի՞նչ կապ ունի կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ մամուլի հրապարակումները հավաքագրելու հետ՝ Արմեն Գրիգորյանն ասաց. 

«Կոռուպցիան մենք համարում ենք սպառնալիք մեր ազգային անվտանգությանը։ Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում է աշխատանքներ կատարում»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իրեն զեկույց է ներկայացրել կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին։ 

Կարդացեք հոդվածը` Englishქართული中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում