Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ու Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Արցախի հայ բնակչության իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ու Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Արցախի հայ բնակչության իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը պատվիրակության ղեկավարին խնդրել է ջերմ ողջույններ փոխանցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյին եւ Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզին: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Բելգիայի հետ բարձր մակարդակի շփումները: Այս համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի ձեւաչափերով համագործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահը համագործակցության լավագույն օրինակ է համարել Դեմեսմեկերի կողմից այս տարվա հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին հայկական կողմի ներկայացրած բանաձեւի նախագծում առաջարկած լրացումներին միանալը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգությանը եւ Արցախի հայ բնակչության իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր:

«Մենք ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման դադարեցման ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Նա վստահություն է հայտնել, որ ինչպես 2020 թ. պատերազմի դեպքում, այնպես էլ հիմա, բելգիացի գործընկերները ձայն կբարձրացնեն՝ դատապարտելու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում