ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով Եվրապական դատարան է դիմել: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ներկայացուցչի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառումից:
«Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։
Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ավելի վաղ հայտարարել էր՝ հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց` առավել ևս հրապարակելուց: