Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու համար. ԱԳՆ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը, ևս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում, որն ամբողջությամբ ներկայացնում են ստորև.

«Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրավորված քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ նմանօրինակ ագրեսիայի և հրադադարի խախտման դեպքեր են հանդիսանում այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գյուղի ուղղությումբ, 2020 թվականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհը, որոնք նույնպես գտնվում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։

Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար:

Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա և եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, անհապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված պայմանների իրագործման, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձման ուղղությամբ:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք կետերի չկատարման պատճառը Ադրբեջանի կողմից դրանց կամայական մեկնաբանություններն են, շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները:

Հայաստանի Հանրապետությունը, ևս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ»:

Հայերեն English Español Français Русский Türkçe

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը