Հասարակական

Հայաստանում կառուցվելիք նոր գյուղը պատրաստ կլինի 2026-ին. տները կլինեն սեյսմակայուն, էներգախնայող

7 րոպեի ընթերցում

Հայաստանում կառուցվելիք նոր գյուղը պատրաստ կլինի 2026-ին. տները կլինեն սեյսմակայուն, էներգախնայող

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Շիրակի մարզում կկառուցվի նոր գյուղ, պատճառը Կապսի ջրամբարի կառուցումն է, ջրամբարի կառուցման հետևանքով Ջրաձոր գյուղի մի հատվածը կհայտնվի ջրի ծածկույթի տակ, այսպիսով գյուղի բնակչության վերաբնակեցման համար կառուցվելիք նոր գյուղը նախատեսվում է, որ պատրաստ կլինի 2026 թվականի գարնանը, փոխհատուցումը կլինի տուն՝ տան դիմաց, պետությունը կտրամադրի վերանորոգված մոդուլային տներ, դրանք կլինեն սեյսմակայուն, էներգախնայող, գյուղը կունենա հետիոտնային ուղի, անասնատար ճանապարհ:

Նոր գյուղի կառուցման մասին կառավարության նիստում խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել գյուղի վերաբնակեցման ծրագիրն իրականացնող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանը:

«Կապսի ջրամբարի կառուցման արդյունքում Ջրաձոր գյուղի մի հատվածը հայտնվելու է ջրի ծածկույթի տակ, այդ պատճառով որոշում է կայացվել Ջրաձոր գյուղն ամբողջովին տեղափոխել այլ վայր, որը գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա է՝ ջրամբարի կողքին»,-ասաց Խաչատրյանը:

Գյուղի տեղափոխման իրականացման աշխատանքները սկսվել են 2021 թվականի դեկտեմբերից, ընտրվել է իրականացնող խորհրդատու, նախագծող խորհրդատու: Այս պահին նախագծող խորհրդատուն իրականացնում է նոր գյուղի նախագծային աշխատանքները: Արդեն պատրաստ է նոր գյուղի նախնական գլխավոր հատակագիծը, դրա փորձաքննությունից հետո կսկսվեն հիմնական նախագծային աշխատանքները: Գյուղի նախագծային աշխատանքների համար նախատեսված է 18 ամիս, ևս 2 տարի կտևի շինարարությունը:

Նախնական գլխավոր հատակագիծ

«Մենք ակնկալում ենք, որ նախագծային աշխատանքները կավարտենք 2023 թվականի հուլիսին: Եվս մի քանի ամիս կտևի շինարարական մրցույթը, այսինքն 2023 թվականի վերջերին կսկսվի գյուղի շինարարությունը: Շինարարության ընթացքում լինում են ձմեռային դադարներ, մենք կարծում ենք, որ 2026 թվականի գարնանն արդեն գյուղը պատրաստ կլինի»,-ասաց Խաչատրյանը:

Նոր գյուղի համար ընտրված տարածքում եղել են համայնքային սեփականության հողեր, մշակվել են տարբեր կուլտուրաներ: Հանրային լսման ժամանակ գյուղի բնակչությանը ներկայացվել են տարբեր տարածքներ, գյուղացիները համաձայնել են այդ տարածքին: Խաչատրյանի խոսքով՝ գյուղի բնակչությունն ուզել է տեղափոխվել նոր գյուղ, բոլորը մերժել են ֆինանսական փոխհատուցում տալու առաջարկը:

«Գյուղի մակերեսը լինելու է 11 հա-ի վրա, որից 7 հա-ից ավելին լինելու է բնակելի տների հատվածը: Այն այժմյան գյուղի տարածքից ավելի մեծ է լինելու: Համաձայն ծրագրի՝ փոխհատուցումը լինելու է տուն՝ տան դիմաց, այսինքն՝ բոլոր քաղաքացիները, որոնք ունեն տներ այդ գյուղում, կստանան համարժեք տներ նոր գյուղում: Այս պահին գյուղում գրանցված է 74 ընտանիք, փաստացի ապրում է 39-ը: Բոլոր 74-ը կստանան տներ»,-վստահեցրեց տնօրենը՝ հավելելով, որ գուղացիներին տրվելու են վերանորոգված մոդուլային տներ:

Նոր գյուղի տարածքից նախատեսվելու է ճանապարհ դեպի հին գյուղ, քանի որ հին գյուղում գերեզմանատները չեն անցնելու ջրի տակ, պահպանվելու են, և մարդիկ հնարավորություն կունենան նոր ճանապարհով այցելել գերեզմանոցներ:

Իսկ, թե ինչո՞վ է այս գյուղը տարբերվելու ՝ Խաչատրյանն ասաց. «Սովորաբար մեր բոլոր գյուղերում բնակարանային ֆոնը կառուցվում է տարերայնորեն: Այս գյուղը ունենալու է գլխավոր հատակագիծ, և գյուղը ներառելու է բնակելի գոտի, հանգստի գոտի, արտադրական գոտի, ուսումնական գոտի, ունենալու է իր հստակ ճանապարհային ցանցը, որը ներառելու է միջբնակավայրային ճանապարհներ՝ ասֆալտապատ, անասունների համար առանձին ճանապարհ, նաև ունենալու է հետիոտնային ուղիներ»:

Նոր գյուղում տները լինելու են սեյսմակայուն, էներգախնայող: Գյուղն ունենալու է ջրամատակարարում, ջրահեռացում, նաև կենսաբանական կոյուղու մաքրման կայան:

Գյուղում նախատեսվում է ստեղծել նաև արտադրական գոտի, որտեղ լինելու է կաթի մթերման կայան: «Պլանավորում ենք առանձնացված տարածք՝ նաև խելացի գոմ կառուցելու համար: Եթե գյուղացիները ցանկանան, կարող են միավորվել, և նրանց բոլորի համար կկառուցվի խելացի գոմ»,-ասաց Խաչատրյանը:

Նոր գյուղը ունենալու է տեսարան դեպի ջրամբար: Ըստ տնօրենի՝ շատ լավ հնարավորություն կա այնտեղ ագրոտուրիզմի և տուրիզմի զարգացման կենտրոններ ստեղծելու համար:

«Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել էր դեռ 1985 թվականից (հետո այն կասեցվել էր-խմբ.): Եվ այդ թվականներից գյուղի ազգաբնակչությունը սպասում է, որ ջրամբարը կառուցվի, կառուցվի նոր գյուղ, և իրենք տեղափոխվեն: Սպասումային իրավիճակն իր ավարտին է մոտենում, ազգաբնակչությունը շատ ոգևորված է, որ այս աշխատանքներն արագ ավարտվեն»,-ասաց նա:

Այս փուլում աշխատում է ծրագրի իրականացման խորհրդատուն, նաև գույքագրում են հողատարածքներ՝ բնակչությանը պատկանող կամ համայնքային հողեր, գնահատում են, որ դրանց դիմաց փոխհատուցում ևս տրամադրվի: Խաչատրյանի վստահեցմամբ՝ գյուղացիներին տրամադրելու են նաև հողատարածքներում կորցրած բերքի փոխհատուցում: Եթե տներից բացի կլինեն նաև այլ տարածքներ, ապա այդ տարածքների դիմաց նույնպես կհաշվարկվի և բնակչությանը կտրամադրվի փոխհատուցում՝ օրինակ անասնագոմ, պահեստ կամ բիզնես գործունեության վայր:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այլ բնակավայրերից մարդիկ ևս կարո՞ղ են տեղափոխվել նոր գյուղ՝ Խաչատրյանն ասաց. «Մեր պատվերով գլխավոր հատակագիծը նախատեսում է նաև գյուղի ընդլայնում, ցանկացած մարդ կարող է դրանից օգտվել, գյուղում հողամաս գնել և կառուցել»:

Ջրաձոր գյուղի վերաբնակեցման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության բյուջետային միջոցներով, այդ աշխատանքների համար նախատեսված է 4 մլրդ 950 մլն դրամ գումար: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը:

Աննա Գրիգորյան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից անվճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում

Բարձր տեխնոլոգիաներ

«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից անվճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի հյուրանոցում ողբերգական ելքով կրակոցների դեպքի մասին

Իրավունք

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի հյուրանոցում ողբերգական ելքով կրակոցների դեպքի մասին

Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը

Հայաստան

Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում