Մշակույթ

Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը կմեկնարկեն ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը կմեկնարկեն ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով Ռուսաստանում կմեկնարկեն Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը Մոսկվայում հանդես կգա հունիսի 10-ին Չայկովսկու անվան համերգասրահում:

Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Կհնչեն հայ և ռուս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի Սյուիտը՝ «Սպարտակ» բալետից, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար և Չայկովսկու թիվ 6 «Պաթետիկական» սիմֆոնիան:

Համերգի մենակատարն անվանի դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինն է, որը Չայկովսկու անվան մրցույթի (1994) և Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր է (1999):

Որպես համերգի պատվավոր հյուր, հանդես կգա նաև միջազգային մեծ համբավ ունեցող ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), որի ելույթը կարող է զարդարել համաշխարհային բարձր հեղինակություն ունեցող ցանկացած բեմ:

Համերգը տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում