Մշակույթ

Հայաստանի գրողների միությունը Վրաստանում ներկայացրել է «Բազմաձայն երկիր Վրաստան» ժողովածուն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գրողների միությունը Վրաստանում ներկայացրել է «Բազմաձայն երկիր Վրաստան» ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի նախաձեռնությամբ տպագրվող «Մենք և աշխարհը» շարքի «Բազմաձայն երկիր Վրաստան» ժողովածուն, որը լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը, ներկայացվել է Վրաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Թբիլիսիում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:

Ժողովածուում ընդգրկված են դասական և ժամանակակից գրողների գրական ստեղծագործությունները՝ նվիրված Վրաստանին: Շնորհանդեսին ներկա են եղել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, գրողների միության քարտուղար Բաղաթեր Արաբուլին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, «Ճավճավաձեի» կենտրոնի տնօրենի Նուգզար Բերիաշվիլի և Վրաստանի հայ համայնքի և Հայաստանի գրական աշխարհի ներկայացուցիչներ, մտավորականներ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ընդգծելով, որ ժողովածուն Հովհաննես Թումանյանի ավանդների շարունակությունն է, նշել է՝ պատահական չէ հենց Թումանյանի տուն-թանգարանում այս գրքի շնորհանդեսի կազմակերպումը, քանի որ այդ տանը իրար հետ բազմաթիվ ծրագրեր են քննարկել և իրականացրել և՛ հայ, և՛ վրաց գրողներ: «Այս ժողովածուում Հովհաննես Թումանյանից ընդգրկված են Վրաստանին նվիրված այնպիսի բանաստեղծություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց ուժը, սերը, էներգիան, որ շատ անհրաժեշտ է երկու ժողովուրդների համար»,- վստահեցրել է Միլիտոնյանը:

Մաղվալա Գոնաշվիլին, արժևորելով այդ ձեռնարկը, հայտարարել է, որ գիրքը վրացերեն կհրատարակի «Մերանի» հրատարակչությունը:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում