Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Վահագնի թաղամասում որևէ գույքի չի տիրապետում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ չի տիրապետում և չի տիրապետել Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը, ինչպես նաև հասարակական նշանակության այլ օբյեկտների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերյան Օհանյանը նման հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությանը, որում նշվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք բռնագանձել:

«Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի»,- ասված է Օհանյանի տարածած հայտարարության մեջ։

Օհանյանը նաև հավելել է, որ իր անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իր հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրության» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։

477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Հայերեն