Քաղաքականություն

Արևմուտքը պետք է հասկանա, որ Թուրքիայում ռեժիմի փոփոխության ժամանակն է. Սերժ Թանկյան

2 րոպեի ընթերցում

Արևմուտքը պետք է հասկանա, որ Թուրքիայում ռեժիմի փոփոխության ժամանակն է. Սերժ Թանկյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գրեմմի մրցանակակիր System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանին զայրացրել է Ուրուգվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի պահվածքը, ով Հայոց ցեղասպանության համար արդարություն պահանջող ցուցարարներին պատասխանել է թուրքական ազգայնական «գորշ գայլերի» խորհրդանշական մատների նշանով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թանկյանն իր էջում հրապարակել է կատարվածի տեսանյութը՝ գրելով. «Եվ սա՞ է այն մարդը, ով գլխավորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։ Մենք գիտենք, որ նրանք միայն ձևացնում են Արևմուտքի համար, որն էլ իր հերթին պետք է հասկանա, որ Թուրքիայում ռեժիմի փոփոխության ժամանակն է, եթե այդ երկիրը մնալու է ՆԱՏՕ-ի կազմում»։

Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, սկսել էին վանկարկել. «Մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում