Արծրուն Ավագյանը մտահոգված է. բանասիրական ֆակուլտետի դիմորդների թիվը տարեցտարի կրճատվում է

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Հայ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը մտահոգված է՝ բանասիրական ֆակուլտետի դիմորդների թիվը տարեցտարի կրճատվում է։ «Գնալով նվազում է բանասիրության ֆակուլտետի դիմորդների թիվը, եւ դա հետեւանքն է այն բանի, որ նվազում է բնակչությունը, իսկ մյուս պատճառը հայոց լեզվի եւ հայ գրականության նկատմամբ անտարբերությունն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց նա։

Բանասիրական ֆակուլտետի դեկանը անդրադառնում է նաեւ հայ գրականության նկատմամբ պահանջարկին, տպագրվող եւ թարգմանվող գրականությանը, հանրությանը մատուցվող արժեհամակարգային գիտելիքին։

-Գրականագետների եւ կրթության ոլորտի ներկայացուցիչների մոտ մտահոգություն կա տպագրվող եւ թարգմանվելիք գրականության պահանջարկի եւ արտադրանքի մասով: Ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ նախապատվություն է տրվում օտար գրականությանը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս առնչությամբ, այսօր ի՞նչ խնդրի առջեւ է կանգնած հայ գրականությունը:

-Եթե բացառենք խորհրդային իշխանության վերջին տասնամյակները, ապա պիտի նշեմ, որ գրեթե միշտ խնդիր է եղել՝ հայերենից օտար լեզվով եւ օտար գրողներին հայերենով թարգմանելու հարցը: Պատկերը ցույց է տալիս, որ ավելի շատ օտար լեզվից են թարգմանություններ կատարել: Գուցե, դրա մեջ տրամաբանություն կա, որովհետեւ համաշխարհային մեծերը, բնականաբար, շատ ավելի շատ են, քան հայ մեծերը: Բայց մեր խնդիրը պետք է լինի դրսի արժեքները ճանաչելուց զատ, ներկայացնել նաեւ մեր արժեքները դրսի աշխարհին: Այս հարցում մենք թերացել ենք: Մեր դասականներին ոչ միայն չենք թարգմանում, այլեւ չենք էլ տպագրում: Ես կարող եմ թվարկել հանրահայտ հայ հեղինակների, ովքեր արդեն տասնամյակներ շարունակ չեն տպագրվել»,-ընդգծեց նա։

-Ո՞ր գրողների մասին է խոսքը, գուցե պահանջարկ եւ հետաքրքրություն չկա։

-Ցանկացած հայ գրող՝ Րաֆֆի, Շիրվանզադե եւ տասնյակ անուններ: Շատ քիչ դեպքերում է, որ տպագրվել են նրանց գեղարվեստական գործերը հայերենով, եւ առավել եւս օտար լեզվով: Գիրք հիմա տպագրում են անհատապես, եւ այն մարդիկ, որոնք նյութապես հնարավորություն ունեն տպագրության հոգսը տանելու: Որեւէ կազմակերպություն շահագրգռված չէ տպագրել հայ գրողի գիրքը: Գուցե նաեւ տնտեսական հաշվարկների պատճառով. գիրքը եկամուտ չի բերում: Բայց, մենք պիտի գիտակցենք, որ գիրքը հոգեւոր եւ մշակութային արժեք է, ազգային դիմագիծ է, ազգային մտայնություն եւ զգացմունք։ Կարծում եմ, որ պետական այրերը պետք է այդ ծանր բեռը իրենց վրա կրեն: Մյուս կողմից էլ կա այն ճշմարտությունը, որ առհասարակ հումանիտար գիտությունը, հայագիտական առարկաները գնալով երկրորդական պլան են մղվում:

-Պատճառները որո՞նք են:

-Շատ տարբեր են պատճառները՝ տնտեսական, սոցիալական, ամեն հայկականը չընդունելու, մերժելու, որոշ օղակների վարած քաղաքականությունը: Օտարամոլությունը համաշխարհային երեւույթ է։ Ներկայում տեխնիկան եւ այլ կապի միջոցներ հնարավորություն են տալիս շատ ավելի լայն շփվելու համաշխարհային հազար ու մի երեւույթների հետ եւ բնական է, որ ավելի քիչ տեղ է մնում այն ամենին, ինչը հայկական է: Բայց Հայաստանի խնդիրն էլ այն է, որ պիտի սատար կանգնի հայկականին: Եթե մենք չենք անում, պիտի ֆրանսիացի՞ն գա մեր փոխարեն Թումանյանին տպագրի:

-Բանասիրության ֆակուլտետի ծրագրային քաղաքականությունը փոփոխվու՞մ է, ի՞նչ շեշտադրումներ են արվում ուսումնական պլանում:

-Մեր պլանները պարբերաբար փոխվում են, որքան հնարավոր է նոր առարկաներ ենք ընդգրկում, արդիական ենք դարձնում, բայց կան որոշ գիտաճյուղեր, որ շատ չեն կարող փոխվել: Ով էլ գա, ինչ էլ գա, երկիրը մեջքի վրա պառկած լինի, թե կողքի, միեւնույն է՝ Չարենցը մնում է Չարենց, հետեւաբար պիտի անցնես Չարենց եւ ուսումնասիրես: Չենք կարող նրան թողնել ու մի նոր հեղինակ մոգոնել եւ սկսել ուսումնասիրել միայն այն բանի համար, որ ասենք՝ նոր հեղինակներ ենք անցնում, նոր ծրագրեր անում: Կայուն կաղապարներ կան ուսումնական գործընթացում, շատ փոփոխություններ չի կարելի, մինչդեռ վերջին տասը տարում անարդյունք, անհետեւանք եւ անհեռատես փոփոխություններ են կատարվում, որը հարվածում է ուսումնական գործընթացի առաջընթացին: Ուսումնական պլանում առկա առարկաների հարցադրումներն են փոխվում, ուսումնասիրման անկյունը եւ նպատակը:

-Որքանո՞վ է ուսումնասիրված հայ մատենագիտությունը:

-Քիչ: Վերջերս Աբովյանի տուն-թանգարան ուսանողներ էի տարել պրակտիկայի, Աբովյանի ամբողջ արխիվի կեսի կեսն էլ այսօր ուսումնասիրված չէ, լիքը բան կա: Մատենագիտական աշխատանքը, ցավոք, շատ ծանր գործ է, եւ չնչին վարձատրվող: Ո՞վ կգնա եւ կխորանա այդ փոշիների, թղթերի, ձեռագրերի մեջ: Ձեռագրեր կան, որոնց վրա պիտի ժամեր վատնես, որպեսզի կարողանաս մի նախադասություն կարդալ, օրինակ Համաստեղի ձեռագիրը, դե գնա ու կարդա, եթե կարող ես: Դա տքնաջան աշխատանք է, որը չի վարձատրվում, դրա համար որեւէ մեկը չի ստանձնում այդ գործը:

Լիանա Սարգսյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում