Շատ բարդությունների միջով եմ անցնում այս ընթացքում. Ռոզա Լինը՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու, նախասիրությունների մասին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը ստեղծագործել սկսել է վաղ հասակից: Ասում է՝ երբ հասկացավ, որ երաժիշտ է, կյանքն առավել իմաստավորվեց: Երգչուհին խոստովանում է՝ միշտ հետևել է մրցույթին և երազել Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոզա Լինը խոսել է իր ծննդավայրի, եվրատեսիլյան «Snap» երգի ստեղծման, երաժշտական նախընտրությունների և սպասվող ծրագրերի մասին:

-Մեր հասարակությունը սովոր է եվրատեսիլյան մրցույթում տեսնել մասնակիցների, որոնք արդեն հայտնի են ու սիրված: Շատերի համար զարմանալի էր նորահայտ երգչուհու մասնակցությունը: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնել: Ակնկալո՞ւմ էիք, որ Ձեզ կընտրեն:

-Մանկուց երազել եմ երկիրս ներկայացնել «Եվրատեսիլ» երգի մրցույթում ու շատ ուրախ եմ, որ այս տարի նման հնարավորություն ընձեռվեց ինձ: Վանաձորում մեծանալով՝ երկմտել եմ՝ կկարողանա՞մ ինչ-որ բարձունքի հասնել: Սակայն, ինչպես տեսնում ենք, կարևորը սերն է դեպի այն, ինչն անում ես:

-Մի լուսանկարչուհի իր աշխատանքներով փորձել էր պատմել Վանաձորում ստեղծագործող երիտասարդների մասին ու նշել, որ քաղաքում քիչ են հավաքատեղիները, ժամանցի վայրերը, ստեղծագործական հարթակները և այլն: Չնայած դրան՝ մենք շատ լավ գիտենք «Լավ էլի» և այլ խմբերի, որոնք հենց այնտեղ են ծնունդ առել: Ինչպե՞ս գտաք Ձեր երաժշտությունը հանրայնացնելու ուղիները:

-Ինքս եղել եմ երաժշտական խմբի անդամ: Պետք է փաստեմ, որ «Լավ էլի»-ից բացի Վանաձորից հայտնի են նաև «Որդան կարմիր», «Քլոքեր» ռոք խմբերը: Ցավոք, «Քլոքերը» այլևս չի գործում: Վանաձորը համարվում է ռոքի մայրաքաղաք: Այնտեղ զվարճանքի կենտրոնները շատ չեն, գուցե հենց դա է պատճառը, որ մարդիկ շատ են տրվում արվեստին, ստեղծագործում են, որովհետև Վանաձորն ունի այդ տրամադրությունը: Դա ասում եմ իմ փորձից:

-Ասում եք՝ ռոքի մայրաքաղաք. դուք փոփ ժանրում եք ստեղծագործում…

-Ունեցել եմ ռոք խումբ, բայց ստեղծագործում եմ երաժշտական տարբեր ժանրերում: Այս պահին իմ երգերի մեծ մասը փոփ են, բայց ես միշտ սիրել եմ ռոք, խենթանում եմ ջազի համար, շատ եմ սիրում դասական երաժշտություն: Ինձ համար յուրաքանչյուր ժանր ընդունելի է:

-Եվրատեսիլյան «Snap» երգը միանգամից սիրվեց: Մի առիթով ասել եք, որ այն շատ անձնական գործ է և ստեղծվել է Ձեզ համար դժվար փուլում: Կպատմե՞ք ստեղծման պատմությունը: Ի՞նչ եք փորձելու աշխարհին ասել այդ երգով:

-Այո՛, ես «Snap»-ը գրել եմ ինձ համար ծանր հոգեվիճակում, և ստեղծագործական գործընթացն, ասես, թերապիա է եղել: Հաղթահարել եմ այդ փուլը՝ այս երգը գրելով: Երգի գլխավոր ուղերձն այն է, որ դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ է հաղթահարել՝ քեզ մի փոքր ավելի գնահատելով, սիրելով ու արժևորելով:

-Ինչպես երգն, այնպես էլ տեսահոլովակը՝ գեղեցիկ են, թեթև: Ձեզ դո՞ւր է գալիս հոլովակը, որում թռչող տունն է, որը սավառնում է Երևանում:

-Երբ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը պատմեց գաղափարի մասին, միանգամից հավանեցի նրա ներկայացրած կոնցեպտն ու ինձ գտա այդ տնակում: Այնպիսի տպավորություն էր, ասես նա տեսել է այն պատկերը, որը ես ունեի երգը գրելիս, դրա համար ամեն ինչ այդքան թեթև ու օրգանիկ է ստացվել:

-Նախ դաշնամուր եք նվագել, այնուհետև՝ կիթառ, հետո սկսել եք երգել գրել: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար երաժշտությունը, ի՞նչ երանգ է այն հաղորդում Ձեր կյանքին:

-Չեմ ցանկանում հերթապահ խոսքեր ասել, բայց, երբ հասկացա, որ ուզում եմ զբաղվել երաժշտությամբ, երբ հասկացա, որ պետք է երաժիշտ լինեմ, իմ կյանքն այլ իմաստ ստացավ: Չեմ պատկերացնում, որ կարող եմ արվեստից դուրս որևէ այլ բանով զբաղվել: Գիտեմ, որ այստեղ եմ երաժշտություն ստեղծելու համար և ուզում եմ, որ խոսքերս ձևական չընդունվեն: Դա շատ փոքր տարիքում եմ հասկացել: Երաժշտությունն իմ կյանքը չի փոխել, այն ստեղծել է իմ կյանքը, այն իմ կյանքն է:

-Շեքսպիրն ասել է, որ երաժշտությունը խեղդում է տխրությունը…

-Շեքսպիրին շատ եմ սիրում, բայց երաժշտությունը երբեմն ինձ տխրություն էլ է բերում: Այն տխրությունն արվեստի գործի վերածելու միջոց է:

-Ասացիք՝ սիրում եք ռոք, ջազ… Քավր տարբերակով եք ներկայացրել Սայաթ-Նովայի «Նազանի» գործը: Հնարավո՞ր է՝ մեր հեղինակների ստեղծագործությունները նորովի մատուցելը շարունակական լինի:

-Միշտ սիրել եմ հայկականը: Ինձ համար մեր երաժշտությունը շատ հարազատ է: Շատ երաժիշտներ կարող են շրջանցել կամ չդիպչել այդ սրբություններին, բայց ես փորձում եմ իմ ձևով մատուցել այդ գործերն ու նոր շունչ հաղորդել: Ինչու չէ, եթե ժամանակս ների, մեծ սիրով կշարունակեմ նաև հայկական երգեր թողարկելը

-Կիարայի հետ աշխատանքի արդյունքում հրաշալի զուգերգ է ծնվել. խոսքը «King» երգի մասին է: Նման համագործակցությունները նոր հեռանկարներ բացո՞ւմ են երիտասարդ արտիստի համար:

-Երբ թողարկում ես քո երգը, ամբողջ նախագիծը քո մասին է, դու ես որոշում, թե ինչպիսին պետք է լինել հոլովակում, դու ես գրում բառերը, գիտես՝ ինչի մասին ես երգում: Երբ աշխատում ես այլ մարդու կամ մարդկանց հետ, շատ էական է էգոն մի կողմ դնելն ու թիմային աշխատանքը կարևորելը: Դա դեպի պրոֆեսիոնալիզմ փոքր քայլ էր ինձ համար:

-Համացանցում գրել էիք, որ նոր երգ է ծնվում: Ի՞նչ երգի մասին է խոսքը:

-Դեռ չեմ ցանկանում բացել փակագծերը, բայց վստահեցնում եմ, որ ունեմ շատ-շատ նոր երգեր, որոնք թողարկվելու են, ունեմ նաև քավրներ, որոնք հնարավոր է՝ առաջիկայում ևս ներկայացնել երաժշտասերների դատին:

-Վերադառնանք «Եվրատեսիլ»-ին. տարիների ընթացքում հետևե՞լ եք մրցույթին: Ասում են՝ Եվրատեսիլում գնահատվում է անկեղծությունը, երբեմն՝ շոուն, շատերի կարծիքով՝ մասնակցի վոկալը և այլն: Ձեր դիտարկումներն ի՞նչ են ցույց տալիս:

-Միշտ հաղթել է լավ, անկեղծ երգը: Շատերը կասկածանքով են վերաբերվում «Եվրատեսիլ» մրցույթին: Ըստ իս՝ ամեն տարի կան շատ լավ երգեր, և ամեն տարի այդ լավ երգերը բարձր հորիզոնականներ են զբաղեցնում: Եթե երգը լավն է, երաժշտասերներն այն ընտրում են:

-Խոստովանեցիք, որ երազել եք ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Այսօր ի՞նչ ապրումներ ունեք, ի՞նչ սպասումներ… Հաղթելու համար կարևոր է նաև արտիստի՝ մարդկանց հետ հաղորդակցվելու կարողությունը:

-Որպես ինտրովերտ՝ շատ բարդությունների միջով եմ անցնում այս ընթացքում և շատ-շատ բաներ եմ սովորում: Կյանքի դասեր եմ ստանում: Պատասխանատվությունն ահռելի է: Իմ էգոն մի կողմ եմ դրել և ինձ համար կարևորագույնն այս պահին երկիրս լավագույնս ներկայացնելն է, և ոչ ոք ջանք չի խնայում լավ արդյունքի հասնելու համար:

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում։ Ռոզա Լինը «Snap» երգով ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում վերջին՝ 17 համարի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում