Ռոբերտ Քոչարյանը փողոցային պայքարի համար իրավիճակը դեռ հասունացած չի համարում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ իշխանության նկատմամբ վատ վերաբերմունք ունեցողների թիվն աճել է, սակայն դեռ չի հասունացել այն վիճակը, որով ընդդիմությունը կկարողանա մարդկանց մեծ զանգված փողոց հանել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում՝ անդրադառնալով փողոցային պայքարի վերաբերյալ հարցին:
Ըստ Քոչարյանի՝ հասարակության ակտիվ զանգվածը ցանկանում է, որ ինչ-որ բան փոխվի երկրում: «Վատ է, որ սպասում են, որ միայն ընդդիմությունը դա պետք է անի՝ առանց իրենց մասնակցության, առանց ժողովրդի ակտիվ և զանգվածային ներգրավվածության»,-ասաց նա:
Քոչարյանը հավելեց. «Բայց մենք պետք է նաև իրատեսական լինենք՝ հասկանալու համար, թե ինչքանով է այդ վիճակը հասունացած: Այո, մենք տեսնում ենք, որ պրոցեսը գնում է այդ ուղղությամբ»:
Ըստ նրա՝ իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է: Իսկ, թե ինչ գործընթաց է ընթանում Հայաստանում՝ Քոչարյանն ասաց. «Ասում են, որ ընդդիմության վարկանիշն ընկնում է. այո, ընկնում է: Բայց մեզանից հիասթափվողն այս իշխանության ֆանատը չի դառնալու: Մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր մեզանից սպասում են ավելի ռադիկալ քայլեր»:
Ըստ Քոչարյանի՝ ընդդիմադիր զանգվածն աճում է: «Իմ գնահատականով դեռ չի հասունացել այն վիճակը, որով մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել: Իսկապես պետք է մեծ զանգված, մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին, որովհետև հետո մեզ են մեղադրելու, թե ինչու ճիշտ հաշվարկ չենք արել»,-ասաց նա:
Ըստ նրա՝ իշխանությունը հեռանալու է միայն փողոցային պայքարի արդյունքում, սակայն դրա համար բավարար զանգվածի կարիք է տեսնում: