Հասարակական

Նախորդ տարի բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք. Դատախազություն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում ՀՀ դատախազության գործունեության արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, դատախազության այլ ստորաբաժանումներից ստացված տվյալների, դատավճիռների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում 2020-2021թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։ Մասնավորապես, անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու, ուսումնասիրությունների պատշաճ, համապարփակ և արդյունավետ իրականացման նպատակով կազմվել և պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, մի շարք այլ մարմիններին և կազմակերպություններին ուղարկվել է գրեթե 2500 հարցում, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 171 հանձնարարություն: Ստացված պատասխանների հիման վրա իրականացվում են համապատասխան անձանց օրինական եկամուտների, կատարված ծախսերի և ձեռք բերված գույքերի համադրմանն ուղղված տնտեսագիտական հաշվարկներ և իրավական վերլուծություններ:

Մի շարք ուսումնասիրությունների շրջանակներում շուրջ 90 դիմում է ներկայացվել դատարան՝ բանկային, վարկային, ապահովագրական, առևտրային և/կամ նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով: Դրանք մեծամասամբ ամբողջությամբ բավարարվել են: Թվով 205 գույքի շուկայական արժեքները պարզելու նպատակով վարչության դատախազների կողմից կայացվել է 15 վարույթի վերաբերյալ դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 19 որոշում: Դրանցից 10 վարույթի վերաբերյալ ներկա պահին արդեն իսկ ստացվել են եզրակացությունները: Դատաապրանքագիտական բնագավառի լրացուցիչ մասնագետների ներգրավմամբ միջոցներ են ձեռնարկվել 41 գույքի շուկայական արժեքները պարզելու ուղղությամբ, որոնց արդյունքները ևս ստացվել են։

14 ուսումնասիրության շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու 16 դիմում, որոնք դատարանի կողմից բավարարվել են, համապատասխան անձանց գույքերի վրա դրվել է արգելանք: Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու բավարարված միջնորդությունների շրջանակում հարուցված կատարողական վարույթների թիվը կազմում է 40։

Դատախազությունից նշում են, որ առաջիկայում ամփոփման փուլում գտնվող ավելի քան 10 այլ գործերով նույնպես դատարան կներկայացվեն հայցի նախնական ապահովման մասին դիմումներ։

Արդեն իսկ ավարտված 14 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերություններում մասնակցություններ, ինչպես նաև՝ ընդհանուր 27.717.123.932 ՀՀ դրամի չափով գումար:

Վերոնշյալ ուսումնասիրությունների նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձինք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» առցանց հարթակի միջոցով ծանուցվել են հնարավոր ապօրինի ծագում ունեցող իրենց պատկանող գույքի առկայության կապակցությամբ ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու և իրենց դիրքորոշումը ներկայացնելու միասին: Այդ անձանց մի մասն արդեն իսկ ներկայացել և ստացել է ուսումնասիրությունների նյութերը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիրքորոշումը։

2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց, որոնցով նախատեսված բռնագանձման ենթակա է ընդհանուր 5.911.848.300 ՀՀ դրամ գումար, 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13.046.765.353 ՀՀ դրամ։

Ներկայացված հայցերն ընդունվել են վարույթ, դրանցից մեկով սկսվել է դատական քննություն։ (Եվս մեկ հայց դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2022թ.):

Ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով ուղարկվել են նաև միջազգային հարցումներ։

Բազմաթիվ վարույթներով ուսումնասիրությունները շարունակվում են, դրանց ընթացիկ արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն