5 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ. Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական եւ Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին եւ բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ լաբորատորիաների պաշտոնական բացումներին ներկա էին «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, դպրոցների մանկավարժները եւ աշակերտները։
Ինչպես ներկայացրեց «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, Ճամբարակի եւ Գեղամասարի դպրոցների ճարտարագիտական լաբորատորիաների տեղադրման եւ բացման համար «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության» կողմից հատկացվել է շուրջ 10 միլիոն դրամ։
Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցում լաբորատորիայի բացման ժապավենը կտրելու նախապատվությունը տրվեց ուսման մեջ աչքի ընկած աշակերտներին։ «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի ներկայացմամբ՝ աշակերտները ճարտարագիտական լաբորատորիաներում կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում եւ տպագրություն։
Ճարտարագիտական լաբորատորիաների նշանակության մասին խոսեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ «Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներն ամենուր են, հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Մենք պետք է հասնենք նրան, որ դպրոցներում մեր աշակերտները լիարժեք տիրապետեն դրանց, խորացնեն ու զարգացնեն իրենց գիտելիքները, մինչեւ չափահաս դառնալն արդեն կարողանան մտնել աշխատաշուկա։ Այս պարզ թվացող անկյունում դուք կշփվեք այնպիսի գաղտնիքների հետ, որոնք որոշում են մեր երկրի ապագան։ Այսօր մենք հիմք ենք դնում լավագույն ապագայի կերտման, մեր ապագա հաղթանակների, մեր հայրենիքի հզորացման համար։ Այսօր Հայաստանի 620 դպրոցներում տեղադրված են մեր ճարտարագիտական լաբորատորիաները, ինչը մեծ ձեռքբերում է մեզ համար։ Անելու ենք հնարավորը, որպեսզի ճարտարագիտական լաբորատորիաներում կրթվելու եւ աշխատելու հնարավորություն ունենան Հայաստանի բոլոր բնակավայրերում։ Կոչ եմ անում բոլորիդ՝ լավ կրթվել, խորությամբ ուսումնասիրել բնագիտական առարկաները, որոնք ձեզ շատ կօգնեն ծրագրավորման գործում։ Դուք այդպես կհամադրեք բոլոր գիտելիքները եւ կհասնեք լավ արդյունքի։ Սովորեք մոդելավորել ձեր գործիքները, ձեր հաստոցները, աշխատել հայտնագործությունների վրա, հանդես բերել նախաձեռնություններ, քանի որ մեր քանդված գործարանները պիտի վերականգնվեն, ինդուստրիալ հզոր Հայաստանը պիտի վերադառնա, այլապես մենք չենք կարողանա կանխել արտագաղթը, չենք կարող լայն հայրենադարձություն կազմակերպել։ Ուստի գիտելիքը պիտի դառնա դավանանք, մենք պիտի պաշտենք գիտելիքը»,-ներկաներին դիմեց Հայկ Չոբանյանը։
«Այս երկու լաբորատորիաների բացմամբ՝ Գեղարքունիքի մարզում դրանց թիվն արդեն 56-ի է հասնում։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից ողջունում եմ բոլորիս եւ վստահեցնում, որ ինժեներական լաբորատորիաներում կրթությունը կկազմակերպվի հավուր պատշաճի, որ մեր համագործակցությունը դրված կլինի բարձր հիմքերի վրա, որպեսզի մնացած դպրոցներում եւս բացվեն «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։
Ներկաներին ողջունեցին Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանը, «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը 2011 թվականից սկսած նախաձեռնել եւ իրականացնում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը», որն այժմ ակտիվորեն իրականացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի արտահանման գործընթացն արտերկիր: Ճամբարակի եւ Գեղամասարի լաբորատորիայի բացմամբ՝ այժմ գործում է 621 «Արմաթ» լաբորատորիա Հայաստանում, Արցախում, Հնդկաստանում եւ Վրաստանում, որտեղ շուրջ 16 հազար երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
Խոսրով Խլղաթյան