Փաշինյանը հայտնեց, թե բանակցային գործընթացի թղթերից ինչ կարևոր դրույթ է դուրս եկել, որը Սերժ Սարգսյանը ցանկացել է վերականգնել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 1988 թվականի համամասնության պահպանության մասին դրույթը Արցախի բանակցային գործընթացի թղթերից անհետացել է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է այն վերականգնելու համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների վերաբերյալ:

«Բանակցային գործընթացում մինչև 2018 թվականը և, ըստ էության, դրանից հետո էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք չի դիտարկվել միայն հայկական տարածք»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց՝ նախորդ ասուլիսում ասել է, որ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցություն ունենան ցանկացած ազգության ներկայացուցիչներ՝ այն համամասնություններով, ինչ համամասնություններով եղել են 1988 թվականին, ապա պարզաբանեց. «Դա նշանակում է, որ և Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է մասնակցեն ԼՂ ապագա ճակատագրի որոշմանը, և ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները»:

Այնուհետև վարչապետը ուշադրություն հրավիրեց, իր բնորոշմամբ, մի տարօրինակ փաստի վրա: «Հետո այս հանգամանքը՝ Մադրիդյան սկզբունքների այս ազգային համամասնությունների մասին, բանակցային գործընթացից, թղթերից անհետանում է: Եվ ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում այդ հարցը, այլ ՀՀ-ն՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմում է համանախագահներին, միջնորդներին, ասում, որ այդ դրույթը պետք է վերականգնել, անընդունելի է, որ այդ դրույթը չկա: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը. այն դրույթը, որը ենթադրում է ադրբեջանցիների մասնակցություն ԼՂ կարգավիճակի որոշմանը, Կազանից հետո բանակցային թղթերից դուրս է գալիս, չկա արձանագրված, և այդ դրույթը վերադարձնելու միջնորդություն անում է ոչ թե Ադրբեջանը, պրոբլեմի մասին ահազանգում է ոչ թե Ադրբեջանը, այլ ՀՀ-ն: Ինչո՞ւ: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ-ի ճակատագրի որոշմանը: Իհարկե՝ ոչ: Նա ուզում էր, որ վերադարձվի 1988 թվականի համամասնության պահպանության մասին դրույթը, որովհետև 1988 թվականին ԼՂ բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 70 և ավելի տոկոսը եղել է հայկական բնակչություն»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ շատ կարևոր բուֆեր է կորսվել: «Ես դրա համար եմ իմ նախորդ հարցազրույցում ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների մասնակցության հարցը, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է լինեին ԼՂ բնակիչ»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ ձևակերպումն ինքը ստացել է որպես ժառանգություն:

Նրա խոսքով՝ այդ դրույթը «լղոզվել» է այլ տրամաբանության մեջ, Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ այդ դրույթը պետք է վերականգնել, քանի որ ցանկացել է համամասնության բուֆերը պահել: «Ոչ մեկ չգիտի՝ Լեռնային Ղարաբաղից դուրս եկած 40 հազար ադրբեջանցիներն օրինակ 2017 կամ 2018-ին ինչքա՞ն են: Եվ, եթե հաշվի առնենք, որ, երբ հանրաքվեի մասին խոսք է գնում, ֆիքսվում է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնեցված ժամկետներում, Ադրբեջանն ասում է, որ իր պատկերացմամբ առաջիկա 50, նույնիսկ 100 տարում հանրաքվե չի լինելու: Հայաստանն ասում է, որ համաձայն չէ այդ դիրքորոշման հետ, պնդում է, որ դա պետք է լինի 5 տարի հետո, Ադրբեջանն էլ ասում է, որ դրա հետ համաձայն չէ, Հայաստանն էլ դրա հետ չի համաձայնում, Ադրբեջանն էլ ասում է՝ համաձայն չես՝ համաձայն չես, ուրեմն ոչ 5 տարի հետո կլինի, ոչ էլ 100 տարի հետո կլինի»,-ասաց Փաշինյանը՝ առաջարկելով այդ իրավիճակը միացնել իր ասած դրույթին:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն