Օտարերկրյա ֆիլմարտադրողները Հայաստանում ֆիլմ նկարահանելու պարագայում կարող են հետ ստանալ ներդրումների մինչև 35 տոկոսը
4 րոպեի ընթերցում

Օտարերկրյա ֆիլմարտադրողները, նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված գումարների մինչև 35 տոկոսը հետ ստանալու հնարավորություն կունենան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության ապրիլի 10-ի նիստում:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրությունը, ոլորտում ակտիվացնել տնտեսական գործունեությունը, նպաստել հավելյալ եկամուտների գեներացմանը և այլն: Կառավարությունում նկատել են, որ ոլորտում առկա է հետաքրքրություն, և կան նախնական պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ համատեղ կինոարտադրության և Հայաստանում ֆիլմեր նկարելու մասով:
«Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ այս արտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը, որն ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում:
Առաջարկում ենք, որ այս նախագծով օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որ ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայություններն ու աշխատանքները ձեռք բերված ՀՀ ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,–ասաց նախարարը:
Այս եղանակով կարող է վերադարձվել ներդրումների մինչև 25 տոկոսը: Միևնույն ժամանակ, ներդրումների հավելյալ՝ ևս 10 տոկոսի վերադարձ կարող է իրականացվել ՀՀ հանրահռչակման տարրերի առկայության դեպքում:
«Խոսքը ոչ թե ուղղակի հայկական մշակույթի և արժեքների արտացոլման մասին է, այլ ուղղակիորեն ՀՀ հանրահռչակման: Այսինքն՝ Հայաստանին այնպիսի անդրադարձի, որը արժևորում, ներկայացնում և տեսանելի է դարձնում մերօրյա ՀՀ տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց, արժեքները և այլն: Եվ սա նաև զբոսաշրջության խթանման և երկրի տեսանելիության բարձրացմանն ուղղված քայլ է»,-նշեց Անդրեասյանը:
Նախարարը հավելեց, որ արդեն կան կնքված հուշագրեր այնպիսի հարթակի հետ, ինչպիսին է Netfllix-ը: Եվ այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որ պայմանավորվածություններն անցնեն գործնական հարթություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ստացվում է, որ կառավարությունը ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձի հնարավորություն է ստեղծում:
«Մենք պետք է քաջալերենք, որ ոլորտի մեր մասնավոր կազմակերպությունները, նաև այս հնարավորությունն ունենալով, գործընկերներ փնտրեն, որովհետև նախագիծը նաև հնարավորություն է տալիս տեղական արտադրողներին, որ նրանք գործընկերության մեջ մտնեն: Ըստ էության, սա ակտիվ է նաև նրանց ձեռքում՝ որպես համաներդրում, որ կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել»,–ասաց Փաշինյանը: