Քաղաքականություն

Հայաստանն Օմանում դեսպանություն կհիմնի

3 րոպեի ընթերցում

Հայաստանն Օմանում դեսպանություն կհիմնի

Հայաստանն Օմանի Սուլթանությունում ռեզիդենտ դեսպանություն կհիմնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օմանում ՀՀ դեսպանություն հիմնելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մշակած նախագծով առաջարկվում է Օմանի Սուլթանությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից:

«Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առկա բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն: Առկա է համագործակցության ներուժ փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում: Օմանի Սուլթանությունը, ի շնորհիվ իր հավասարակշռված արտաքին քաղաքականության, տարածաշրջանային գործընթացներում դիրքավորվում է որպես չեզոք պետություն՝ նպաստելով տարածաշրջանային ուժերի միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը: Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, օմանական կողմը  դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունք»,- ասված է հիմնավորման մեջ։

Նշվում է, որ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը:

Օմանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների քաղաքացիների և հասարակությունների միջև փոխճանաչելիության աճին, խթան կհանդիսանա Հայաստանի և Արևելյան Աֆրիկայի ու Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ հիմք ընդունելով այդ երկրների և Օմանի միջև առկա պատմական և մշակութային կապերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում