Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Լեհաստանի՝ ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Հայաստանը հնարավորինս կաջակցի ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են իրավիճակը Ղազախստանում: Նախարար Միրզոյանը ներկայացրել է այս հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը՝ արտացոլված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հունվարի 6-ի հայտարարությունում:

«ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ղազախստանի պաշտոնական դիմումի համաձայն՝ հիմնվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև՝ ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի վրա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ընդգծել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի աջակցությունը համանախագահության ջանքերին՝ ուղղված հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հրատապ հումանիտար հարցերի լուծմանը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում