Հայաստանում կանցկացվի «Լավագույն գործատու» ամենամյա մրցանակաբաշխություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետական և հասարակական կառույցների համագործակցությամբ ամեն տարի կանցկացվի «Լավագույն գործատու» մրցանակաբաշխությունը: Հավակնորդներից կընտրվի և կկազմվի 10 լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակ։

Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, «Մանթաշով գործարարների միության» միջև ստորագրվեց հուշագիր: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը նշեց, որ իրենք ոչ միայն ստուգումներ են անցկացնում, անհրաժեշտության դեպքում՝ տուգանում ընկերություններին, այլև այս քայլով ներդնում են գործատուներին խրախուսելու մեխանիզմ:

«Մեր մոտեցումն է կապը չկտրել հասարակական հատվածի, բիզնես ասոցիացիաների, արհեստակցական միությունների հետ: Ու որպեսզի չստացվի այնպես, որ տեսչական մարմինը գնում է միայն տուգանքների ճանապարհով, եղավ այս նախաձեռնությունը: Շնորհակալ եմ գործընկերներին, որ միացան նախաձեռնությանը: Տեսչական մարմինը, բացի տուգանելուց, նաև խրախուսման մեխանիզմ է ներդնում»,-ասաց Հակոբ Ավագյանը:

Նախաձեռնությանը միացած կառույցների ներկայացուցիչները մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը կմշակեն «Լավագույն գործատու» մրցանակաբաշխության չափորոշիչները: Թե ի՞նչն է հաշվի առնվելու, նախաձեռնությունն իրականացնողները դեռ չեն շտապում ներկայացնել: Հակոբ Ավագյանը միայն նշեց, որ հաշվի կառնվի այն հանգամանքը, թե արդյոք այդ գործատուն իրենց տեսադաշտում հայտնվել է, բողոքներ եղել են տվյալ ընկերության հետ կապված: Կընտրվեն գործատուներ, որոնց մոտ տարվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվի, գործատուներ, որոնք տարվա ընթացքում աշխատանքային իրավունքի պահպանման մասով իրենց մոտ ներդրել են նոր մեխանիզմներ:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ կշեշտադրեն նաև այն հանգամանքը, թե աշխատանքային ֆիզիկական պայմանները որքանո՞վ են բարելավվում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում աշխատանքային իրավունքների պաշտպանության, վերապատրաստումների և այլ հարցերի հետ կապված: Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը շատ կարևոր է, այն գործատուներին խրախուսելու քայլերից մեկն է:

«Մենք կողմ ենք, որ լինեն աշխատանքային անվտանգության կառավարման, ռիսկերի գնահատման համակարգեր, ինչպես նաև՝ ներքին քաղաքականություն այդ պայմանների բարելավման համար: Այսօրվա աշխատուժի պակասը, խիստ մրցակցությունը նպաստել են, որ էականորեն փոխվի գործատուների մտածելակերպը: Ու այնպես չէ, որ գործատուները հակված են շահագործել իրենց աշխատողներին: Գործատուները շահագրգռված են, որ իրենց աշխատողները լինեն առողջ ու ապահովեն անհրաժեշտ արտադրողականությունը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը լավ խթան կհանդիսանա գործատուների համար»,-ասաց Գագիկ Մակարյանը:

Նախնական տվյալներով՝ առաջին մրցանակաբաշխությունը կանցկացվի հաջորդ տարվա վերջին:

Հայերեն Русский

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ