Սպորտ

Հակոբ Սերոբյանն անցնող տարին աննախադեպ է համարում մարմնամարզության հավաքականի համար

2 րոպեի ընթերցում

Հակոբ Սերոբյանն անցնող տարին աննախադեպ է համարում մարմնամարզության հավաքականի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն անցնող տարին աննախադեպ է համարում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբ Սերոբյանը նշեց , որ տարին լավագույններից մեկն էր հավաքականի համար։ 2021 թվականը ընտրանու համար միշտ կմնա որպես լավ հիշողություն։

«Մենք գիտեինք, որ այս պայմաններում հնարավոր է մեդալ նվաճել, պայքարեցինք ու ապացուցեցինք։ Հաղթանակներ շատ ենք ունեցել, բայց կարծում եմ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանի գրանցած հաջողությունն անբացատրելի զգացողություններ տվեց բոլորիս: Այս տարին նոր մակարդակի վրա բարձրացրեց հայկական մարմնամարզությունը»,-ընդգծեց Սերոբյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը հավելեց , որ մեծ նպատակներ ունի գալիք 2022 թվականի հետ կապված։

«Հուսով եմ՝ 2022 թվականին մարմնամարզության դահլիճների պայմանները կբարելավվեն։ Ունենք լավ երիտասարդ մարզիկներ ու մեծ ներուժ։ Մենք անելու բան միշտ ունենք, ու ձգտելու ենք ամենաբարձրին»,-ասաց նա։

Սերոբյանի խոսքով` գալիք տարի Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնությունում կպայքարի թիմային մեդալների համար՝ այդ կերպ տեղ ապահովելով նաև աշխարհի առաջնությունում:

Հայաստանի մարմնամարզության հավաքականը պատրաստվում է հունվարին ուսումնամարզական հավաք անցկացնել Վրաստանում ։ 2022 թվականին հավաքականը կմասնակցի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, Եվրոպական երիտասարդների փառատոնին և համաշխարհային ունիվերսիադային։ Հայաստանի մարմնամարզության առաջնությունը տեղի կունենա փետրվար ամսին։

Լիանա Գասպարյան, Լիլիաննա Խաչիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում