ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը օտար լեզուներով թարգմանված գրքերով կհանրահռչակի Հայաստանի մշակութային ժառանգությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի մշակութային ժառանգությունն աշխարհում տարածելու նպատակով գրահրատարակչության ոլորտում նոր ծրագիր կիրականացնի՝ օտար լեզուներով թարգմանելով մշակութային բովանդակությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Մենք պետք է օտար լեզուներով տարածենք մեր մշակութային բովանդակությունը: Պետք է մեծ ուշադրություն դարձնենք օտարալեզու գրականությանը»,-նշեց փոխնախարարն ու հավելեց, որ առաջնահերթություններ ունեն նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արժեքների հանրայնացման, գույքագրման, այդ ամենն աշխարհին ներկայացնելու գործում: Նախատեսում են հանրահռչակել նաև հայ մեծանուն կոմպոզիտորների ժառանգությունը և նրանց վերաբերող ալբոմներ հրատարակել:
Խզմալյանը հիշեցրեց, որ 2021-ին շարունակել են գրահրատարակչության և գրադարանների ծրագիրը, որի շրջանակներում պետական աջակցությամբ իրականացվել են թարգմանական ծրագրեր և «Աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին, «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրերը, Գրքի երևանյան փառատոնը, աջակցություն ոչ պետական մամուլին և այլն: