Մշակույթ

Զաքյան-Խորենացի փողոցներին հարող մանկական այգում շինաշխատանքների ընթացքում բացվել է մշակութային շերտ. իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններ

3 րոպեի ընթերցում

Զաքյան-Խորենացի փողոցներին հարող մանկական այգում շինաշխատանքների ընթացքում բացվել է մշակութային շերտ. իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, գերատեսչության հանձնարարականով«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» մասնագետների կողմից տեղանքնուսումնասիրվել և փաստագրվել էմշակութային շերտերի առկայություն, որից հետո Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ համագործակցությամբ սկսվել են հնագիտական պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար` Մերի Սաֆարյան)։

Հնագետների կողմից իրականացվել է տեղային հետազոտություն մշակութային շերտերի ուսումնասիրության նպատակով, որից հետոարշավախմբի կողմից հարակից փոքր տեղամասերովիրականացվող պեղումների արդյունքում բացվել են աղյուսաշար պատերով ու հատակով «սենյակների» մնացորդներ։

«Հետաքրքրական է մանր չափի սև տուֆից կառուցված պատերով և աղյուսագույն տուֆից հսկայական սալերով ծածկված «թունելը», որը կարող է հին Երևանի (ուշ միջնադար կամ նոր շրջան)ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի մաս լինել», - ասել է արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանը։

Գտածոների մեջ շատ են դեղնավուն և աղյուսագույն կավից պատրաստված, դեղնավուն անգոբով պատվածկենցաղային տարբեր խեցանոթների բեկորներ, ջնարակապատ, հախճապակե ու ճենապակե տարբեր անոթների կտորներ (ուշ միջնադարից խորհրդային շրջանով թվագրվող), տարբեր կենդանիների (հիմնականում ոչխարի և կովի) ոսկորներ, պղնձի համաձուլվածքից պատրաստված մանրամասներ, ինչպես կենցաղային կիրառության, այնպես էլ դեկորատիվ հարդարանքի համար նախատեսված։

Առանձնանում են արաբատառ դաջվածքով զանգակատիպ ծխամորճի կտորը (15-18 դդ․),բրոնզից պատրաստված (փականային համակարգը երկաթե սնդուկի) կողպեքը(19-րդ դ․վերջ) և պղնձի համաձուլվածքից դրամը (վերջինիս նստվածքը մաքրելուց հետո նոր պարզ կլինի, թե որ շրջանի դրամ է)։

Համաձայն հնագետների հավաստման՝ հայտնաբերված մշակութային շերտն ու գտածոները նոր լույս կսփռեն Երևան քաղաքի պատմության վրա։

Պեղումները մոտենում են ավարտին, իսկ բացված հատվածների հետագա պահպանությունն ու դրա հնարավոր տարբերակները քննարկվում են Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում