Հասարակական

ՀՀ և Լիտվայի պաշտպանության նախարարություններն ստորագրել են 2022-ի ռազմական համագործակցության ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Լիտվայի պաշտպանության նախարարություններն ստորագրել են 2022-ի ռազմական համագործակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 2-ին անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և լարվածության թուլացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման մասնակիցներն ամփոփել են երկկողմ համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկել համագործակցության զարգացման հնարավորությունները: Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 71 միջոցառում Հայաստանում և Լիտվայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը, ռազմական բժշկությանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում