ԳԱՎԱՌ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է իսպանական «Ակցիոնա» ընկերության բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասին, նույն ընկերության Եվրոպայում բիզնեսի զարգացման մենեջեր Սառա Լառազին եւ Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան-Ստեփանյանին՝ նրանց հետ քննարկելով մարզում հողմակայանների կառուցման հետ կապված հարցեր։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում հյուրերը ներկայացրել են հողմակայանների կառուցման իրենց նախագծերի եւ ծրագրերի ընթացքը եւ ընդհանուր պատկերը։ «Հողմակայանների կառուցման մեր ծրագիրն ընդգրկում է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի 12 համայնքներ, որոնցից 7-ը, ելնելով աշխարհագրական դիրքից, ընտրվել են Գեղարքունիքի մարզից: Հողմակայանի կառուցման նախագծային եւ նախապատրաստական բնույթի մի շարք աշխատանքներ իրականացվել են վերջին 4-5 տարում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է 37 տուրբինների տեղադրում 202 մեգավատ հզորությամբ եւ 276 միլիոն դոլար արժողությամբ: Ծրագրի իրականացման իդեալական տարբերակը կլինի այն, որ մենք 2022 թվականին ստանանք շինարարական թույլտվություն, 2023-2024 թվականների ընթացքում իրականացնենք տուրբինների տեղադրման աշխատանքներ, իսկ 2025 թվականից արդեն գործարկենք դրանք: Այս պահին ծրագիրը գտնվում է մշակման վերջնական փուլում, եւ վերը նշվածին հասնելու համար մենք արդեն անհրաժեշտություն ունենք հողային իրավունքների ժամանակավոր եւ մշտական ձեռքբերման, որի կանոնակարգման հարցում ակնկալում ենք ՀՀ կառավարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ ազդակիր համայնքների աջակցությունը»,- նշել է ընկերության բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասը:
Ծավալված երկկողմ ակտիվ քննարկումներից հետո Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել՝ ՀՀ կառավարության կողմից ծրագրի անհրաժեշտ բաղադրիչներին համարժեք լուծումներ տալուց հետո մարզպետարանի լիազորությունների շրջանակներում ցուցաբերել աջակցություն խնդիրների կարգավորման հարցում՝ աշխատանքներում ընդգրկելով նաեւ մարզի ազդակիր համայնքների ներկայացուցիչներին:
Խոսրով Խլղաթյան