Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են․ Իրանի դեսպանն այցելել է Կարբիի դպրոց
2 րոպեի ընթերցում

Հատուկ հրավերով ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց է այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արագածոտնի մարզպետի աշխատակազմից, դեսպանը մասնակցել է ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը, մշակութային լինելուց զատ, նաև լեզվի իմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։ Դպրոցում պարսկերենը դասավանդվում է որպես 3-րդ օտար լեզու, այն սովորում են 5-8-րդ դասարանների աշակերտները։
Դեսպանին դիմավորել են և միջոցառմանը մասնակից դարձել Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, դպրոցի տնօրինությունը, աշակերտներ։
Ըստ աղբյուրի՝ դպրոցականները հանդես են եկել Հայաստանի և Իրանի մշակույթի, սովորույթների և ազգային տոների մասին պարսկերեն ելույթներով՝ շեշտադրելով երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները։
Միջոցառումն ամփոփող շնորհակալական խոսքում Մեհդի Սոբհանին նշել է, որ ուրախ է տեսնել, թե որքան լավ են տիրապետում հայ աշակերտները պարսկերենին և որքան իրազեկ են Իրանի մշակույթին։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են և Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթել լավագույնը։
Նշվում է, որ մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ ամեն տարի դպրոց այցելելու, պարսկերեն ուսումնասիրող աշակերտներին մոտիվացնելու, հայ-իրանական բարեկամական կապերն ամրապնդելու համար։
Տեղեկացվում է, մայիսին կայանալու է «Հայաստան-Իրան բարեկամական կամուրջ» խորագրով հանրապետական մրցույթ, որին մասնակցելու են նաև Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։