Հասարակական

Հայաստանում Covid-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Covid-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նոյեմբերի 7-ի դրությամբ իրականացվել է 890 հազար 797 պատվաստում: Նախարարի վստահեցմամբ՝ նման մեծածավալ պատվաստման արդյունքում չի գրանցվել հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք: «Եղել են դեպքեր՝ որոշակի անցանկալի ջերմության, ալերգիկ որոշակի ռեակցիաների, որոնք հարթվել են նույնիսկ առանց բժշկական օգնության»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը Հայաստանի օրինակի վրա փաստում է, որ պատվաստումներն անվտանգ են, արդյունավետ են և միակ միջոցն են, որ կանխում են մահերը:

«Առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը 613 հազար 846 է: Դա մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է: Երկրորդ դեղաչափ ստացածների թիվը 276 հազար 948 է»,-ասաց Ավանեսյանը:

Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև մեծ տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին 1 ամսվա ընթացքում. օրական գրանցվում է միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ: Նախարարը շեշտեց՝ գոհ կլինեին, որ այդ ցուցանիշներն արձանագրվեին ոչ թե հիմա, այլ գարնանից սկսած:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում