Վախճանվել է երաժիշտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն Սարգսյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն (Ջոնիկ) Ավագի Սարգսյանը:

«Անգնահատելի է Գուրգեն Սարգսյանի ավանդը հայ փողային կատարողական արվեստում: Ավելի քան երեք տասնամյակ (1968-2001) երաժիշտը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար շեփորահարը, բազմաթիվ ելույթներ է ունեցել որպես մենակատար և անսամբլային կատարող, բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններ ունի ՀՀ Հանրային ռադիոյի ֆոնդում: Սակայն երաժշտի կարևորագույն առաքելությունը մանկավարժական գործունեությունն էր: 1985 թվականից Գ. Սարգսյանը, դասավանդելով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, դաստիարակել է պատանի շեփորահարների մի քանի սերունդ՝ մանկավարժի բացառիկ ձիրքով նրանցից յուրաքանչյուրի մեջ սերմանելով անմնացորդ սեր և նվիրվածություն ընտրած մասնագիտության հանդեպ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Գ. Սարգսյանը ծնվել է 1938 թ. Գյումրի քաղաքում, սովորել է թիվ 16 միջնակարգ դպրոցում և երաժշտական դպրոցի փողային բաժնում: 1958 թ.-ին ավարտել է Գյումրու Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժինը: Այնուհետև ծառայել է խորհրդային բանակում՝ Անդրկովկասյան ցուցադրական փողային նվագախմբում: 1968 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժինը՝ որպես մենակատար-շեփորահար:

1998 թվականից Գ. Սարգսյանը դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հեղինակ է 1-7-րդ դասարանների աշակերտների համար շեփորի դասագրքի:

Վաստակաշատ մանկավարժի սաներից շատերն այսօր հանրապետության տարբեր նվագախմբերի առաջատար շեփորահարներն են, բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների հաղթողներ և մրցանակակիրներ են՝ բարձր պահելով իրենց ուսուցչից ստացած մասնագիտական պատգամներն ու կատարողական հմտությունները:

Հայ երաժշտակատարողական արվեստում ունեցած մեծ վաստակի և տաղանդաշատ երիտասարդների մի քանի սերնդի դաստիարակման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Գուրգեն Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով և «Գրիգոր Նարեկացի» մեդալով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իր խորին վշտակցությունն է հայտնում Գուրգեն Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և սաներին:

Հայերեն

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres