2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1958 թ. սեպտեմբերի 14-ին շահագործման է հանձնվում Կոտայքի ջրանցքը։
-1862 թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է Մովսես Սիլիկյանը՝ ռուսական եւ հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, ռուսական բանակի գեներալ-մայոր (սեպտեմբերի 22, 1917), Հայաստանի առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (մայիսի 28, 1919), ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (ապրիլի 24, 1919)։ Ազգությամբ ուդի էր: «Այդ ժամանակվա հայ գեներալներից ամենատաղանդավորը Սիլիկյանն էր...» (Մարշալ Բաղրամյան):
-1909 թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է Սերգո Պայազատը` հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։
-1919 թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է Աբիգ Ավագյանը` հայ գրող, արձակագիր (մահ.` 1983 թ.)։
-1939 թ. սեպտեմբերի 14-ին մահացել է Արմենակ Շահմուրադյանը` հայ օպերային երգիչ, տենոր։ Կոմիտասյան դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչներից, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչներից մեկը։ Նրան անվանել են հայկական Կարուզո։ Փարիզի Մեծ օպերայում աննախընթաց հաջողություն ունենալուց հետո, թողնելով միջազգային ասպարեզը, ամբողջապես նվիրվել է հայ ժողովրդական ու հոգեւոր երգին՝ տարածելով այն աշխարհով մեկ։
-1920 թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է Գեւորգ Աբգարյանը` հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965)։
-1920 թ. սեպտեմբերի 14-ին ծնվել է Խաչիկ Բաբայանը` ֆիզիկոս:
-407 թ. սեպտեմբերի 14-ին մահացել է Հովհան Ոսկեբերանը՝ Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան: Հովհան Ոսկեբերանը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն (մեկնություններ, դավանաբանական եւ հակաճառական գրվածքներ, ճառեր, քարոզներ, ներբողներ, նամակներ եւ այլն), որը կարեւոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատմության մեջ։ Նրա երկերից շատերը թարգմանվել են հայերեն դեռեւս հայ վարդապետների կողմից 5-րդ դարում՝ գրերի գյուտից եւ Աստվածաշնչի թարգմանությունից անմիջապես հետո։
Ա. Հ.