Տիգրան Մանսուրյանի «Քավարանը» Ռավեննայում ջերմ ընդունելության է արժանացել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանթե Ալիգիերիի մահվան 700-ամյա տարելիցին նվիրված համերգների շրջանակում սեպտեմբերի 12-ին Ռավեննայի փառատոնին հնչել է նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Քավարան» (Purgatorio)ստեղծագործությունը: Այն գրվել է Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» hամանուն մասի հիման վրա:

Համերգը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին: Երեկոյին ներկա է եղել մաեստրո Մանսուրյանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասաց, որ համերգը հրաշալի է անցել: Նա խոստովանեց, որ նման բարձրակարգ կատարում շատ քիչ է լսել: «Այն, ինչ արեց Ռիկարդո Մուտին իր նվագախմբի, երգչախմբի, բարիտոն Գուրգեն Բավեյանի և թավջութակահար Ջիովանի Սոլիմայի հետ, ուղղակի հրաշալի էր: Այդքան լավ հնչողություն շատ քիչ եմ լսել: Եղել են լավ կատարումներ, բայց նման բան քիչ է եղել: Ես շատ-շատ գոհ եմ երեկվա համերգից ու կատարումից: Ունկնդիրը ևս գոհ էր ու շատ լավ ընդունեց «Քավարանը»: Կարծում եմ՝ Դանթեի մահվան 700-րդ տարելիցին ծնվել է իմ լավագույն ստեղծագործություններից մեկը»,- նշեց կոմպոզիտորը:

Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը, որը մեծ դերակատարություն է ունեցել համերգի կայացման գործում, հիշեցրեց, որ Ռավեննայի փառատոնն Իտալիայի խոշորագույն մշակութային իրադարձություններից է և մեծ համբավ է վայելում աշխարհում նաև դիրիժոր Ռիկարդո Մուտիի շնորհիվ:

«Փառատոնի հետ համագործակցում եմ 1990-ականներից: Լինելով Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն՝ կենտրոնի, որն ունի երաժշտական մասնաճյուղ, աշխատում եմ Իտալիայի և ոչ միայն կարևոր երաժշտական կառույցների հետ: Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցի առիթով Ռիկարդո Մուտին շատ ցանկացավ համագործակցել Տիգրան Մանսուրյանի, թավջութակահար Ջիովանի Սոլիմայի հետ, որը նաև կոմպոզիտոր է և հրաշալի կատարեց «Քավարանի» թավջութակի հատվածը»,- պատմեց Լուռյանն ու հավելեց, որ Սոլիման երաժշտություն է գրել «Աստվածային կատակերգության» «Դժոխք» հատվածի համար, իսկ «Դրախտ» հատվածի հիման վրա ստեղծագործությունը հեղինակել է Վալենտին Սիլվեստրովը:

Մինաս Լուռյանը հիշեցրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո որոշել են Ռավեննայի փառատոնի համերգներից մեկը կազմակերպել Հայաստանում: Երեկոն տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային թատրոնում, և Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ հնչել է Մանսուրյանի «Քավարանը»:

«Մուտին որոշեց, որ ղեկավարելու է միայն Մանսուրյանի ստեղծագործությունը, իսկ մյուս գործերը կղեկավարեն առավել երիտասարդ դիրիժորներ»,- ընդգծեց Լուռյանն ու տեղեկացրեց, որ առաջիկայում Իտալիայում ևս մի քանի համերգ է սպասվում:

Սեպտեմբերի 14-ին համերգ է նախատեսվում Ֆլորենցիայի օպերային թատրոնում, իսկ սեպտեմբերի 15-ին՝ Վերոնայի Ֆիլհարմոնիկ սրահում:

Վերադառնալով սեպտեմբերի 12-ի համերգին՝ Լուռյանն ասաց, որ բացօթյա երեկոն հրաշալի է անցել: Մոտավորապես հազար և ավելի ունկնդիր է եղել: Երաժիշտները փայլուն հնչողություն են ապահովել, և համերգը չի տարբերվել փակ դահլիճներում կազմակերպված երեկոներից:

«Մեծ էր Ռիկարդո Մուտիի կշիռն ու դերակատարությունը: Այս մակարդակով քիչ հայ հեղինակների գործեր են գրվում ու կատարվում միջազգային հարթակում: Մեծ պարծանք էր բոլորիս համար»,- շեշտեց նա ու հավելեց, որ համերգին ներկա են եղել մի շարք պետական պաշտոնյաներ, որոնք շնորհավորել են Մանսուրյանին:

Անժելա Համբարձումյան

Հայերեն العربية English Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը