Հասարակական

Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա մասերում մաքրման մեծածավալ ծրագրեր կիրականացվեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում մեծածավալ մաքրման աշխատանքներ իրականացնել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը նշեց, որ խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում և Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Մանրամասնելով անելիքները՝ Գևորգ Կարապետյանը տեղեկացրեց, որ, տնտեսավարողների ու քաղաքացիների գործողություններով պայմանավորված՝ նախնական հաշվարկներով Երևանյան լճի ու Հրազդանի գետ առափնյա տարածքներում կա կուտակված մոտ 13 հազար տոննա աղբ:

«Հրազդան գետը և Երևանյան լիճը շատ կարևոր են մայրաքաղաքի համար, լուծում են ոչ միայն Երևանի ոռոգման խնդիրը, այլև մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի միկրոկլիմայի ձևավորման համար: Նշված հատվածներում առափնյա տարածքների մաքրման այս մեծամասշտաբ ծրագիրը՝ բուն մաքրման աշխատանքը, իրականացվելու է 2022 թվականին: Ներկայում նախագծման փուլն է»,- ասաց Գևորգ Կարապետյանը:

Հրազդան գետի և Երևանյան լճի ափամերձ հատվածներում մոտ 15 հա տարածքում առկա են վնասակար բույսեր: Գևորգ Կարապետյանը նշեց, որ այդ բույսերն աճում են թափոնների վրա ու տարեկան մեծ ծավալի ջուր են գոլորշիացնում: Սկզբնական շրջանում պետք է մաքրվեն այդ բոլոր հատվածները: Այնուհետև հավաքված աղբը տեսակավորվելու է և ուղարկվելու վերամշակման:

«Բուն մաքրման աշխատանքներից բացի, այդտեղ բարելավվելու են ենթակառուցվածքները: Մասնավորապես, տեղադրվելու են ճաղավանդակներ, իրականացվելու են աղբաորսիչ միջոցառումներ: Կատարվելու է գետնի հարթեցում, տեղադրվելու են լուսատուներ, որոնց արդյունքում տարածքներն ավելի հրապուրիչ կլինեն քաղաքացիների համար»,- ասաց Գևորգ Կարապետյանը:

«Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը կարևորեց Երևանի քաղաքապետարանի կողմից նման մեծածավալ ծրագրերի իրականացումը: Նա ընդգծեց, որ ոլորտում համակարգային խնդիրները բազմաթիվ են, և պետական հատվածը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները ձեռք ձեռքի տված կարող են գնալ լուծումների:

«Մենք պետք է լայնածավալ իրազեկման աշխատանքներ կատարենք և լայն հասարակությանը հասցնենք այն, թե ինչ բացասական հետևանքներ ունի նույն, օրինակ, Երևանյան լճի, Հրազդան գետի առափնյա հատվածներում աղբ թափելը: Խնդիրները բազմաթիվ են: Պատկերացրեք մեկ տոննա քանակությամբ պլաստիկը կուտակենք արևի ուղիղ ճառագայթների ներքո: Դրանցում մասնիկներն անջատվում են, ձևավորվում է գազ, որն էլ, բարձրանալով մթնոլորտ, նպաստում է ածխաթթու գազի ծավալների մեծացմանը: Դրանից բացի, վտանգվում են ջրային ռեսուրսները»,- ասաց Վահե Սալահյանը:

Խնդիր կա նաև սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված: Դա սրվում է հատկապես շոգ օրերին, երբ քաղաքացիներից շատերը գնում են Հրազդան գետ, Երևանյան լիճ զովանալու, իսկ մի քանի մետր այն կողմ մեծածավալ աղբակույտեր են:

Ո՞րն է լուծումը: Ի վերջո, վերը նշված տարածքներն ամբողջությամբ մաքրելուց հետո որևէ երաշխիք չկա, որ նորից այդտեղ աղբակույտեր չեն հավաքվելու: Պատասխանատուները նախատեսում են խստացնել պատժամիջոցները, սակայն հակված չեն մահակի քաղաքականությամբ առաջնորդվել: Շատ կարևորում են իրազեկման աշխատանքներն ու կրթական ծրագրերը: Բանախոսները վստահություն հայտնեցին, որ մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմամբ հնարավոր կլինի ավելի լավ արդյունքների հասնել:

Հայերեն

Թուրքիան մտադիր է ռազմաբազաներ ստեղծել Սիրիայում. ԶԼՄ

Խավի Ալոնսոն պաշտոնապես «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչն է

Ռուսաստանն ու Ուկրաինան ավարտել են գերիների փոխանակման երրորդ փուլը

Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը կանանց Ազգերի լիգայի վերջին երկու խաղերին

Հայտնի են Հայաստան Սլովակիայի վարչապետի պաշտոնական այցի օրակարգի մանրամասները

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

«Ուրարտու»-ի ու «Արարատ-Արմենիա»-ի վերջին տուրի խաղերը կմեկնարկեն նույն ժամին

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցում է IWF-ի համաժողովին

Գյումրիում գործարկվեց զբոսաշրջային տեղեկատվության նոր հարթակ

Հողաշերտի փլվածք Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին, այն դարձել է միակողմանի երթևեկելի